31/10/2013 14:09
Մարզպետ. Գեղարքունիքում հացահատիկի աննախադեպ բերք է եղել
Կառավարության այսօրվա նիստը արտագնա էր, այն տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում: Նիստը սկսվեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի՝ մարզում կատարած աշխատանքների հաշվետվությամբ:
Մարզպետը ներկայացրեց գյուղոլորտի ձեռքբերումները: Նա նշեց, որ 2012 թվականին համախառն ներքին արդյունքը կազմել է 161 մլրդ դրամ, որը 0.5 տոկոսով գերազանցել է նախորդի ցուցանիշը:
Մարզպետը 2013 ձեռքբերումներից մատնանշեց կարտոֆիլի արտադրությունը, որը նախորդ տարվա համեմատ աճել է 6.6 տոկոսով, բանջարեղենի արտադրությունն աճել է 5.4 տոկոսով: Մարզպետը նշեց, որ հացահատիկի մասով մարզում աննախադեպ բերք է եղել:
Ըստ նրա՝ մինչև տարեվերջ անասնապահական մթերքների (միս կաթ բուրթ մեղր) ուղղությամբ սպասվում է 3-5 տոկոս աճ:
Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ մարզում այս տարի հավաքվել է 450 հազար տոննա խոտ, որը նույնպես աննախադեպ ցուցանիշ է: Մարզպետը կարծում է, որ նման արդյուք գրանցվել է նաև 13 համայնքներին գյուղտեխնիկա տրամադրելու շնորհիվ. «Եթե գյուղտեխնիկայի քանակը ավելանա, այս ուղղություններով մարզում ավելի բարձր ցուցանիշներ կարձանագրվեն»,-դիմելով վարչապետին, ասաց մարզպետը:
Տիգրան Սարգսյանն առաջարկեց հայտեր ներկայացնել: