01/11/2013 11:11
Յուրի Վարդանյանի որդու պաշտպանը նախարարի ներողությանն է սպասում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ով մեղադրվում է թմրամիջոցների մաքսանենգության մեջ, հոկտեմբերի 29-ին հրաժարվել է հանրային պաշտպանի ծառայություններից: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դ. Վարդանյանի նախկին հանրային պաշտպան՝ Ռաֆիկ Սաֆարյանը:
«Դավիթի գործով հանրային պաշտպան ներգրավելու որոշում կայացվել է դեռևս Կապանում, քանի որ նա հայերեն լեզվին լավ չի տիրապետում: Դա պարտադիր է նման դեպքերում և կա նաև քննիչի որոշման մեջ: Մենք իրար հետ որևէ խնդիր չենք ունեցել, բայց դա իր իրավունքն է, նա որոշել է վճարովի փաստաբանի ծառայություններից օգտվել»,- ասաց նա:
Ռ. Սաֆարյանի խոսքով` ինչ վերաբերվում է Յ. Վարդանյանին, ապա վերջինս պետք է ներողություն խնդրի «գլուխը քարին է տվել» արտահայտության համար:
«Մենք որևէ անգամ չենք հանդիպել և դրա կարիքը չի էլ եղել: Եթե նա օրինավոր մարդ է, ապա առանց ինձ ճանաչելու նման արտահայտություն անելու համար սպասում եմ, որ ներողություն կխնդրի»,- ասաց պաշտպանը:
Նա նաև նշեց, որ այդ ընթացքում որևէ միջնորդություն չի ներկայացրել, իսկ խափանման միջոց կալանքը փոխելու ժամկետը սպառված է եղել:
Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դ. Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը և «թմրամիջոցների մաքսանենգությունը» հատկանիշներով:
Նախորդող հրապարակում` Յուրի Վարդանյանի որդին կալանավորված է. Ոստիկանությունը հաստատում է
Յուրի Վարդանյանի որդու փաստաբան. Դավիթի հոր կամ որևէ հարազատի հետ չեմ խոսել