07/11/2013 14:51
Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը օրինական չէ. Փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը օրինական չէ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիլոլայ Բաղդասարյանը:
«Ես քննիչին ներկայացրել եմ Վ. Պետրոսյանի անձնագրի պատճեները, հայտնել, որ Վ. Պետրոսյանի քույրը ինձ հետ պայմանագիր է կնքել` Վ. Պետրոսյանի շահերը ներկայացնելու համար և նա այժմ ի վիճակի չէ ցուցմունք տալու, այդ պատճառով էլ 1 շաբաթ ժամանակ եմ խնդրել, որ նա կազդուրվի: Սակայն քննիչը չի համբերել և հարցաքննության հրավիրելուց հետո նրան ձերբակալելու որոշում է կայացրել միակողմանի ցուցմունքի հիման վրա, քանի որ առայժմ Վ. Պետրոսյանը ցուցմուքն չի տվել»,-ասաց նա:
Ն. Բաղդասարյանի խոսքով` ինքը օրինական չի համարում նաև փորձաքննությունների անցկացումը, քանի որ իր պաշտպանյալին դեռևս չեն հարցաքննել:
Փաստաբանը նշեց, որ բողոք է ներկայացրել այս որոշման դեմ: «Այժմ Վ. Պետրոսյանը կասկածյալի կարգավիճակով գտնվում է «Արմեդ» բժշկական կենտրոնում, սակայն չեմ կարծում, որ այնտեղից դուրս գրվելուց հետո նրան կարելի է ձերբակալել` առողջական վիճակի հետ կապված»,-ասաց նա:
Ն. Բաղդասարյանը նաև նշեց, որ անձամբ ինքը Վ. Պետրոսյանի հետ դեռևս չի խոսել, քանի որ դա նրա վիճակում սխալ է համարում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում` Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կա