08/11/2013 15:00
Վարդան Պետրոսյանին հարցրեք. Քննիչը հրաժարվել է շարունակել հարցաքննությունը
Դերասան Վարդան Պետրոսյանի հարցաքննության ժամանակ քննիչը ուղղակի դուրս եկավ սենյակից` հրաժարվելով շարունակել հարցաքննությունը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով` իրենց համար անհասկանալի էր, թե ինչու այդպես վարվեց քննիչը, թեև նորմալ հարցաքննություն է եղել սկզբում և իրենց վրա քննիչը նորմալ տպավորություն է թողել:
Քննիչ Հայկ Հակոբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հենց սկզբից նշեց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով որևէ հարցի չի պատասխանելու:
Հարցին` իսկ ճի՞շտ է, որ նա հարցաքննությունը կիսատ է թողել և հեռացել և ինչո՞ւ, նա սկզբում ասաց. «Գնացեք, Վ. Պետրոսյանին հարցրեք»:
Հարցին` միգուցե որևէ բան իրեն վիրավորակա՞ն է թվացել կամ այլ պատճառ է եղել, նա ասաց. «Նման միջադեպ ինձ ծանոթ չէ»,- և անջատեց հեռախոսը:
Նշենք, որ Ն. Բաղդասարյանը ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր.
«Ես քննիչին ներկայացրել եմ Վ. Պետրոսյանի անձնագրի պատճեները, հայտնել, որ Վ. Պետրոսյանի քույրը ինձ հետ պայմանագիր է կնքել` Վ. Պետրոսյանի շահերը ներկայացնելու համար և նա այժմ ի վիճակի չէ ցուցմունք տալու, այդ պատճառով էլ 1 շաբաթ ժամանակ եմ խնդրել, որ նա կազդուրվի: Սակայն քննիչը չի համբերել և հարցաքննության հրավիրելուց հետո նրան ձերբակալելու որոշում է կայացրել միակողմանի ցուցմունքի հիման վրա, քանի որ առայժմ Վ. Պետրոսյանը ցուցմուք չի տվել»,-ասել էր նա:
Ն. Բաղդասարյանի խոսքով` ինքը օրինական չի համարում նաև փորձաքննությունների անցկացումը, քանի որ իր պաշտպանյալին դեռևս չեն հարցաքննել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում` Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը օրինական չէ. Փաստաբան