09/11/2013 11:42
Վարդան Պետրոսյանի փաստաբան. Ենթադրում եմ, որ ինչ-որ բան են հորինել
Այսօր առավոտյան 10.00-ի սահմաններում քննիչը փորձել է քննչական գործողություն իրականացնել դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ, սակայն չի ավարտել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Վ. Պետրոսյանի կինը ինձ զանգահարեց, տեղեկացրեց, որ քննիչը եկել է, և փորձում է քննչական գործողություն իրականցնել Վ. Պետրոսյանի նկատմամբ, ես զանգեցի քննչին, ասացի, սպասեք, գամ, ասաց, ես սպասելու չունեմ, գնացի»,- ասաց նա:
Ն. Բաղդասարյանի խոսքով` իրենց չեն ծանուցել այս մասին, թեև երեկ հնարավորություն ունեցել են:
«Երեկ ես ժամը 17.30-ին եղել եմ իրենց մոտ, ստացել են 15 էջանոց փաստաթուղթ, սակայն ծանուցագիր չեն տվել, թեև հնարավորություն ունեին դա անել»,- ասաց նա:
Ն. Բաղդասարյանի խոսքով` իրենց չեն ծանուցել նաև փորձաքննության պատասխանի առկայության մասին: «Պարզվում է, երեկվա դրությամբ եղել է նաև փորձաքննության պատասխանը, որին պետք է ծանոթացնեին Վ. Պետրոսյանին, սակայն դա չի արվել»,- ասաց նա:
Փաստաբանը այս ամենից ենթադրում է, որ իրենք չեն ուզում նախապես տեղեկացնել իրենց գործողությունների մասին:
«Ենթադրում եմ, որ ինչ-որ բան են հորինել և չեն ուզում, որ մենք նախապես իմանաք, որովհետև Youtube-ում տեղադրված հարազատների պարզաբումը, թե ինպես է եղել դեպքը, որ իրենք գնալիս են եղել, կանգնել են, կամ, որ արագությունը իջեցրել են, դրանով մեխանիզմ չի ստացվում, և ենթադրում եմ, որ իրենք այլ իրավիճակ են ներկայացրել գործում: Որոշ լուրեր են պտտվում, որ նրանց տարբերակով` իբր տուժողների մեքենան փչացած է եղել և վաղուց կանգնած»,- ասաց նա:
Ն. Բաղդասարյանը նշեց, որ քննիչին բացարկ են ցանկանում հայտնել, սակայն դեռևս չեն հասցրել դիմումը ներկայացնել, իսկ Վ. Պետրոսյանը այս պահին դեռևս գտնվում է «Արմեդ» կենտրոնում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում` Վարդան Պետրոսյանին հարցրեք. Քննիչը հրաժարվել է շարունակել հարցաքննությունը