13/11/2013 21:05
«Օրենքի զոհերը». Տիգրան Առաքելյան. Մի օր իրական արդարադատություն է լինելու
Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել: ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը այն մարդկանցից է, ում համար այդ դատավճիռը լսելու համար պայքարում էին ոչ միայն դատարանում, և յուրաքանչյուր որոշում շատ բուռն արձագանք էր ստանում թե՛ դատարանի դահլիճում, թե՛ դրսում հավաքված մարդկանց շրջանում:
Այս գործով հոկտեմբերի 14-ին Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը լսելով` ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը դատարանի շենքի առջև հավաքված լրագրողներին հայտնեց, որ այս պահից ինքը համարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա:
Գործի նախապատմությունը.
2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորվել էր:
Մեղադրական համառոտ եզրակացություն. Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. օգոստոսի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 42 շենքի մոտ, Արտակ Վոլոդյայի Կարապետյանի հետ միասին, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող, Տերյան փողոցում պարեկային ծառայություն իրականացնող ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Վոլոդյա Գրիգորյանի և Դավիթ Մելիքյանի նկատմամբ, կապված նրանց կողմից իրենց ծառայական պարտականությունները կատարելու հետ, գործադրել են նրանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` Տիգրան Առաքելյանը բռունցքով հարվածել է Դավիթ Մելիքյանի պարանոցին` վերջինիս պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ճանկռվածքի ձևով մարմնական վնասվածք, իսկ Արտակ Կարապետյանը քաշել պոկել է նրա ուսադիրն ու տարբերանշանը:
Դատահետքաբանական փորձաքննության եզրակացության համաձայն` գործով տուժողներին հասցվել էր առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, իսկ ոստիկանության աշխատակից Տիգրան Ավետիսյանի ստացած մարմնական վնասվածքները` գլխուղեղի վնասվածքի` գլխուղեղի ցնցման ձևով, ձախից քթոսկրի չտեղաշարժված կոտրվածքի, ձախ ուսահոդի շրջանի քերծվածքների ձևով, հասցվել են բութ, կոշտ, սահմանափակ մակերես ունեցող առարկաներով հնարավոր է 09.08.2011թ-ին և որոշման մեջ նշված հանգամանքներում, ու դրանք առաջացրել են առողջությունը կարճատև քայքայող թեթև վնաս:
Դատարանը ապացուցված էր համարել, որ ամբաստանյալներ Ա. Կարապետյանը, Ս. Գևորգյանը, Դ. Քիրամիջյանը և Տ. Առաքելյանը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, կատարվել է մի խումբ անձանց կողմից ու զուգորդվել է ոստիկանների նկատ-մամբ բռնություն գործադրելով, հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող ոստիկաններին դիմադրություն ցույց տալով, ինչպես նաև իշխանության ներ-կայացուցիչների ոստիկանների նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր և վտանգավոր բռնություններ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Դատարանը Տ. Առաքելյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով, Ա. Կարապետյանին` 3 տարի ժամկետով, Ս. Գևորգյանին` 2 տարի ժամկետով, Դ. Քիրամիջյանին` 2 տարի ժամկետով:
Մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը որոշել էր ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բեկանել և գործը ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության:
Հոկտեմբերի 14-ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարեց ՀԱԿ չորս ակտիվիստների բողոքը և երկու տարի անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանը համաներմամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը դատապարտվեցին ազատազրկման երկու տարի ժամկետով, սակայն վճիռը պայմանականորեն չկիրառելու որոշմամբ: Արտակ Կարապետյանը ևս համաներմամբ ազատ արձակվեց:
«Որոշումները կայացվել են՝ երկրում ներքաղաքական իրավիճակի հետ կապված»
Տ. Առաքելյանը ՔՕ-ի 316 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքով, այն է՝ իր նկատմամբ առաջադրված ամենածանր մեղադրանքով, թե, իբր, գլխի հարվածով կոտրել էր ոստիկան Տիգրան Ավետիսյանի քիթը, արդարացվեց, սակայն շարունակում է պայքարը:
Տ. Առաքելյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս գործը ի սկզբանե իրավական հարթությունում չի եղել և որոշումները կայացվել են՝ երկրում ներքաղաքական իրավիճակի հետ կապված:
«Եթե ես կատարել եմ հանցանք, ապա ինչպես բոլորը, պետք է պատժվեմ, սակայն դատարանի դահլիճում ապացուցվեց, որ ես մեղադրանքի հետ կապ չեմ ունեցել: Այդ մասով ես ինձ համարում եմ արդարացված: Մենք կարողացանք իրավական հարթության մեջ ապացուցել, որ կապ չունենք մեղադրանքի հետ, թեև այդ ողջ ընթացքում դատախազի, դատավորների գործողություններում որևէ իրավաբանություն չի եղել, նրանք առաջնորդվել են ոչ թե իրավական ակտերով, այլ ներքաղաքական իրավիճակով, և ուղղակի ընթերցել իրենց տրված վճիռները: Դրանով դատարանը լուծել էր խնդիրը` մեզանից երեքին այն կարգավիճակով պահելու, որ ամեն պահ կարող են նորից ձերբակալել, իսկ մեկին էլ` պատանդի կարգավիճակով»,-ասում է Տիգրանը:
Տ. Առաքելյանի խոսքով` դատավարության ընթացքում անգամ տուժողները և դատախազը մոռացել էին գործի մանրամասները, ինչն էլ ակնհայտ երևում էր դատարանում: Նրա կարծիքով` նման վճռի հրապարակումը կապված էր նաև հասարակության բավարար ճնշման հետ, քանի որ նրա աջակիցներն ամեն դատից առաջ բողոքի ակցիաներ էին անցկացնում դատարանի շենքի առջև:
ՀԱԿ ակտիվիստների գործով պաշտպան Մուշեղ Շուշանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
Հարցին` ի՞նչ զգացիր, երբ դատարանը քեզ անմեղ ճանաչեց, քանի որ բավականին բուռն արձագանքեցիր վճիռը լսելու պահին, Տ. Առաքելյանը պատասխանեց. «Ես զգացմուքներով չեմ առաջնորդվում, որևէ բան չզգացի, հասկացա, որ տեղի ունեցավ շինծու դատական պրոցես, բայց համոզված եմ, որ այս գործով ինչ-որ մի օր կայացվելու է նոր դատավճիռ, կարևոր չէ՝ վաղը, թե մի քանի տարի անց, սակայն իրական արդադատություն է լինելու, և բոլոր օրինախախտները և քրեկան հանցագործները, որոնք կեղծեցին գործը, նոր դատավճռով կրելու են իրենց պատիժները»:
Նախորդող հրապարակում` Օրենքի զոհերը. Հետմահու արդարացված զինծառայողը
Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի