13/11/2013 15:34
Հրայր Թովմասյանը հանդիպել է Վարդան Պետրոսյանին. Կարևորն առողջությունն է
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախօրեին հանդիպել է դերասան Վարդան Պետրոսյանին:
«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն պայմաններում, որ գտնվում է Վարդան Պետրոսյանը, չասեմ, որ ոչնչով չի զիջում բժշկական հաստատություններին, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան` իր առողջությանը հետևելու և բուժումներն ստանալու համար: Ես իրեն ասել եմ, որ ինձ համար այս պահին կարևորն իր առողջությունն է: Համապատասխան հանձնարարականներ ստացել են տվյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկները, եթե անհրաժեշտ կլինի քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների, իրեն բուժող, իրեն վիրահատող բժիշկների ներկայությունը, ապա նրանք անարգել, ցանկացած պահի հասու կլինեն Վարդան Պետրոսյանի համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Անդրադառնալով խափանման միջոցը փոխելու հասարակական պահանջին` Հ. Թովմասյանը նշեց, որ բազմիցս առիթ ունեցել է ասելու, և նաև Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի հայտարարությունն էլ փաստեց, որ Հայաստանում խափանման միջոցները և քրեադատավարական պրակտիական գոհացուցիչ չեն. «Կա խնդիր, բայց դա ոչ միայն պրակտիկայի հետ է կապված, այլև` օրենսդրական լուծումների հետ: Մենք ունենք խափանման միջոց կալանք, գրավ և այլընտրանքային այլ միջոցներ: Դրա արանքում գտնվող խափանման այնպիսի միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը, վարչական վերահսկողությունը և այլն, դրանք մեր օրենսդրությամբ չունենք: Եվ Քրեական դատավարության օրենսգրքում էդ ամբողջը սահմանված է, մենք կունենանք այլընտրանքային խափաման միջոցներ և հետագայում պրովացիոն ծառայության ստեղծման հետ կապված մենք փոփոխություն կունենանք»:
Շարունակելով խոսքը` նախարարը նշեց, որ հանրության մոտ թյուրըմբռնում եղավ՝ կապված Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի հայտարարություն հետ. «Նրա խոսքից չէր բխում, որ Սերժ Սարգսյանը ցուցում է տվել խափանման միջոցը փոխելու: Էդ հաղորդագրության մեջ հստակ էր, որ կոնկրետ դեպքով իր իրավասություններից դուրս է որևէ հանձնարարություն տալը: Հանրապետության Նախագահը բարձրաձայնել է մտահոգություն, որ այս ոլորտում ունենք խնդիրներ և մեկ անգամ ևս օրենսդրական պրակտիկային անդրադառնալու անհրաժեշտություն ունենք: Եվ այս մտահոգությունը դրսևորվել է նաև Դատաիրավական բարեփոխումների ծրագրով այդ մասը փոխելու անհրաժեշտությամբ, որը հաստատվել է հանրապետության Նախագահի կողմից»:
Հայաստանում շատ լավ պրակտիկա կա, ինչպես ասաց նախարարը, բոլորը բոլորին մեղավոր են համարում, բայց ոչ երբեք իրենց: «Քրեական դատավարության օրենսգիրքը նման է աշխատող սրտի վիրահատության, պետք է փոփոխություններ կատարվեն, իսկ այնտեղ գործընթացներ են ընթանում: Դա նման չէ շարժիչն անջատած ավտոմեքենայի շարժիչի վերանորոգմանը, այն աշխատում է, և այդ ընթացքում պետք է փոփոխությունները կատարվեն»:
Նախորդող հրապարակումներ՝ Վարդան Պետրոսյան. Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել
Գլխավոր դատախազությունը մեկնաբանում է Վարդան Պետրոսյանի կալանավորումը