27/11/2013 14:55
Թիվ 71 դպրոցի աշակերտների ծնողները վերջնագիր են ներկայացրել տնօրենին
Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6բ դասարանի աշակերտների ծնողները այսօր առավոտյան երեխաներին դպրոցից դասաժամին տուն են տարել՝ պահանջելով, որ կամ այդ նույն դասարանի աշակերտներից մեկը (երեխայի անունը չենք նշում- Aysor.am) չպետք է սովորի իրենց երեխաների հետ նույն դասարանում, կամ էլ իրենք երեխաներին դասի չեն տանի: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը:
«Երեկ և այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը 3 դասաժամ ծնողների ներկայությամբ զրուցեց աշակերտների հետ, վերջում էլ երեխային հարցրեց, դու ի՞նչ խնդիր ունես, ինչպե՞ս պետք է լուծել այս հարցը քո կարծիքով, նա ասաց, որ ինքը ոչ մեկի հետ խնդիր չունի, եթե չեն ուզում, կարող են իր հետ չշփվել: Ծնողներն էլ երեխաներին տուն տարան` պահանջելով, որ այդ երեխան իրենց երեխաների հետ չսովորի: Խնդիրը երեխաների մեջ չէ, ավելի շուտ ծնողների մեջ է»,- ասաց նա:
Գ. Դեմիրյանի խոսքով` այդ երեխան իրենց դպրոց է տեղափոխվել 2 ամիս առաջ, և այժմ նրա ծնողները հրաժարվում են երեխային անգամ մյուս դասարան տեղափոխել:
«Երեխան ուղղակի չի ինտեգրվել այդ դասարանին: Սակայն տնօրենը երեխային դպրոցից հեռացնելու իրավունք չունի: Երեխան սովորելու խնդիր չունի և երբեմն այնպիսի հարցեր է տալիս, որ շփոթեցնում է: Օրինակ, երբ ասացի՝ ինչո՞ւ չեք կարողանում հաշտ լինել, ի՞նչն է պատճառը, ասաց` իսկ դուք ո՞ր հարթությունից եք ինձ հարցնում դա: Երեխայի ծնողները արդեն 1 ամիս է գնում-գալիս են դպրոց, սակայն չեն ուզում փոխզիջման գնալ և ասում են, որ բացառվում է երեխային այլ դասարան տեղափոխելը»,-ասաց նա:
Տնօրենի խոսքով` առայժմ հստակություն չկա այս հարցի լուծման վերաբերյալ և իրենք փորձում են հարմար տարբերակ գտնել:
Նախորդող հրապարակում` Աղմկալի միջադեպ՝ 71 դպրոցում. ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց տանել