27/11/2013 10:05
Աղմկալի միջադեպ՝ 71 դպրոցում. ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց տանել
Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում վախի մթնոլորտ է և լարված իրավիճակ: Երեկ դպրոցի 6բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվել են իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով: Պատճառն այն է, որ աշակերտներից մեկը մշտապես ծեծի է ենթարկում դպրոցականներին:
Երեկ «Ժողուվորդի» խմբագրություն է ահազանգել դպրոցի աշակերտներից մեկի ծնողը՝ տեղեկացնելով, որ դպրոցի 6բ դասարանում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Ըստ նրա՝ աշակերտներից մեկը (երեխայի անունը չենք նշում-Aysor.am) դասարանի գրեթե բոլոր տղաների հետ կոնֆլիկտ ունի, ու բանը հասել է անգամ ծեծկռտուքին ու հայհոյանքին:
Պարզելու համար թե ինչ է տեղի ունեցել «Ժողովուրդի» թղթակիցը այցելել է թիվ 71 դպրոց: Երբ հարցուփորձ է արել, թե որտեղ է գտնվում 6բ դասարանը, աշակերտներն ասել են, որ 6բ դասարանի դուռը փակ է, քանի որ աշակերտներից ոչ ոք չի եկել:
Այնուհետև թերթի թղթակիցը գնացել է տնօրեն Գայանե Դեմիրյանի աշխատասենյակ, որտեղ և հավաքված են եղել 6բ դասարանի աշակերտների հայրիկները՝ տնօրենից պահանջելով կտրուկ քայլերի դիմել: «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում աշակերտներից Միքայել Բեջանյանի հայրը՝ Սերոբ Բեջանյանը, պատմել է, որ օրեր առաջ դասարանում լուրջ վեճ է տեղի ունեցել. «Տարբեր թեմաների շուրջ, թե արա չկոտրվա՞ք, մեկ է՝ ղզիկ ես, և նման այլ բաներ: Սեպտեմբերին երեխաներից մեկի աչքին էր խփել, աշակերտը ծանր վնասվածք էր ստացել: Ոստիկանություն չդիմեցինք, որպեսզի դպրոցի անունը չվարկաբեկենք՝ մտածելով, թե կանցնի կգնա, բայց այս երեխան լիդերություն է հաստատում ու շարունակում է հայհոյանքները, ընդհարումները: Օրերս էլ դասարանի աշակերտներից Ավետիքի հետ կռիվ էր արել, տվել Ավետիքի քիթը կոտրել է, երեխային վիրահատել են, և դեռ երկու տարի հետո էլ, ըստ բժիշկների, վիրահատության անհրաժեշտություն կա»:
Դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանն էլ թերթի հետ զրույցում ասել է, որ այս ընթացքում փորձել է հնարավոր ամեն ինչ անել՝ դասարանում իրավիճակը հարթելու համար: «Զրուցել եմ դասարանի աշակերտների, այդ երեխայի ծնողների հետ, բայց ոչ մի արդյունքի չենք հասել: Նրա ծնողները գալիս են, մեծ կռիվ են սարքում, չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Առաջարկել եմ երեխային տեղափոխել մեկ այլ դասարան, բայց ծնողներն ասում են, որ մեր երեխան պետք է մնա այս դասարանում և վերջ»,- ներկայացրել է Գ.Դեմիրյանը՝ հավելելով, որ իրավիճակը փրկելու համար դպրոց է հրավիրել անգամ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: