27/11/2013 16:24
Քաղաքապետարանը պարզաբանում է 71 դպրոցի աղմկալի միջադեպը
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ն.Ստեփանյանի անվան 71 դպրոցի 6-րդ «բ» դասարանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը հանդես է եկել պարզաբանմամբ:
Իրադրությանը ծանոթանալու նպատակով, վարչության պետի հանձնարարությամբ վարչության աշխատակիցը այցելել է դպրոց, հանդիպել ծնողների, այդ դասարանում դասավանդող ուսուցիչների, ինչպես նաև աշակերտների հետ: Ներկա են եղել նաև անչափահասների գործերով տվյալ ստորաբաժանման աշխատակիցներ, ինպես նաև Հայաստանում մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը:
«Լսելով կողմերին, ծանոթանալով առկա իրավիճակին՝ այն շտկելու ուղղությամբ արվել են մի քանի առաջարկություններ, որոնք կնպաստեն իրավիճակի հարթեցմանը և դասարանում բարոյահոգեբանական մթնոլորտի կարգավորմանը:
Ողջունելով ծնող-դպրոց համագործակցությունը՝ ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ հորդորել ծնողներին՝ վստահել դպրոցին և մանկավարժական կոլեկտիվին և անհարկի չմիջամտել իրենց երեխաների դպրոցական կյանքին, որպեսզի երեխաները շարունակեն իրենց ուսումնառությունը համերաշխ մթնոլորտում»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակումներ՝ Թիվ 71 դպրոցի աշակերտների ծնողները վերջնագիր են ներկայացրել տնօրենին
Աղմկալի միջադեպ՝ 71 դպրոցում. ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց տանել