04/12/2013 10:22
«Դեմ եմ պարտադիրին» միացել են շոու-բիզնեսի ներկայացուցիչները. Լուսանկարներ
«Դեմ եմ պարտադիրին» քաղաքացիական շարժմանն են միանում նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչները:
«Գիտակից մարդիկ հասկանում են, որ չի կարելի որևէ մեկին պարտադրել ու տնօրինել նրա ֆինանսները և ազատությունը»,-համոզված են ակցիայի մասնակիցները: Այս պահին ակցիային միացել են դերասան Սոս Ջանիբեկյանը, հայտնի բլոգեր և հաղորդավար Արմեն Գալյանը, հողորդավարուհի Գայանե Ասլամազյանը, հեռուստահաղորդավարներ Լուսինե Բադալյանը և Ժակը:
Նախաձեռնության անդամները խոստանում են, որ աստղային «Դեմ»-երի շարքը շարունակելի է:
Նշենք, որ նախագծի հեղինակ, www. artfashion.am-ի խմբագիր Գոհար Հայրապետյանը, լուսանկարիչ Կորյուն Մուրադյանը նույնպես «Դեմ» են:
Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում նախատեսվում է ներդնել 2014-ի հունվարի 1-ից: 1974-ից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կկատարեն:
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսեԺլ, որտեղ պետք է քննարկվեր կնսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ:
Նախաձեռնության մասնակիցները շարունակում են ակցիաներ կազմակերպել ԱԺ շենքի ու նախագահականի դիմաց՝ հույս ունենալով, որ հարցը ԱԺ վերջին քառօրյայում լուծում կստանա: