09/12/2013 20:40
«Լավ գործ». «Տերյան» կենտրոն. Աշխատանք և հավատ` արդյունքի հասնելու համար
Aysor.am-ի «Լավ գործ» նախագիծը այն մարդկանց մասին է, ովքեր մեծ ջանք, եռանդ ու տաղանդ են ներդնում անգամ սովորական թվացող մասնագիտությունների մեջ և այն դարձնում արվեստ: Մարդիկ, ովքեր ապրում են մեր կողքին ու գույն տալիս մեր ժամանակներին: Նրանցից է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը:
«Իսկապես լավ բան արա և քեզ կգնահատեն: Ու կարևոր չի, թե ինչ կանես: Ամեն ինչի իրոք որակովը գնահատվում է»,- համոզված է Լիլիթը:
Ի սկզբանե Վահան Տերյանի ստեղծագործություն ու նրա ժառանգության պահպանման համար ստեղծված կենտրոնում միշտ մարդաշատ է: Ասես մի անհասկանալի ուժ՝ անկախ տարիքից ու մասնագիտությունից, մարդկանց համախմբում է այս կենտրոնում:
Սեղանին, պատերին` ամենուր, փայտից, թղթից, կավից, ասեղնագործ բազմաթիվ իրեր կային, որոնք բոլորը կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներն են, տոնական օրերին այստեղ ազգային երաժշտություն է հնչում ու Կարին ավանդական պարի համույթն է պարում, բայց տարբեր կտորներով ու նախշերով լցված սեղանը մի յուրահատուկ տեսք է հաղորդում սենյակին:
Լիլիթի խոսքով` հայկական տարազներ ստեղծելու գաղափարը ծնվել է պատահական, սակայն այն իրագործելու մոտեցել են ամենայն լրջությամբ:
«Ես դասավանդում եմ մանկավարժական համալրասարանում և տարազներ ստեղծելու գաղափարը ծնվեց ուսանողներիս դիպլոմային աշխատանքի ժամանակ, երբ փորձեցինք գտնել յուրահատուկ լուծում: Այն մեծ ոգևորությամբ ընդունվեց ու տարվեցի գաղափարով»,- ասում է նա:
Լիլիթն արդեն 6 տարի է` ուսումնասիրում է հայկական ազգային տարազներն ու դրանց պատմությունը, և միայն 2 տարի առաջ սկսել են կարել տարազներ:
Նրա խոսքով` հայկական տարազների թեման այնքան հարուստ է, որ եթե Հայաստանի բոլոր դիզայներները սկսեն զբաղվել միայն դրանով, թեման չի սպառվի:
«Տարազ կարելու համար միայն լուսանկարով այն տեսնելը բավական չէ, քանի որ, օրինակ, որդան կարմիրը տարբեր նկարներում տարբեր երանգ է ունենում և պետք է նաև իրականում տեսնել տարազը` այն գոնե մոտավոր վերականգնելու համար»,- ասում է նա:
Կենտրոնի մշտական աշխատակազմը, ովքեր էլ ստեղծում են տարազներ, 9 հոգի են, սակայն կենտրոնի դռները բաց են բոլորի առջև: Լիլիթի խոսքով` իրենք պատրաստ են անվարձահատույց սովորեցնել իրենց արհեստը ցանկացած մարդու, ով կբացի իրենց դուռը, սակայն իսկապես աշխատել ցանկացող մարդիկ քիչ են:
«Միգուցե, վրացիների համեմատ մենք աշխատասեր ենք, սակայն իմ կարծիքով, ծույլ ենք, որովհետև սիրում ենք ամեն ինչ ստանալ միանգամից: Սակայն իմ օրինակով են համոզվել, որ եթե առաջ պատահական էր լավ աշխատանք ստեղծվում, ապա այսօր 100-ից 2-ը կարող են թերի լինել: Դրա պատճառն այն է, որ այժմ ավելի մասնագիտացել եմ այդ գործում: Մեր կենտրոնում կան մարդիկ, ովքեր իրենց գործում պրոֆեսիոնալ են և գիտակ, սակայն նրանց նման մարդիկ շատ քիչ են»,- ասում է Լիլիթը:
Լիլիթի խոսքով` միայն լավատեսության և արածդ գործի հանդեպ մեծ հավատի շնորհիվ է, որ կենտրոնը այսօր գոյություն ունի և իրենք հիմա էլ չունեն հովանավորներ, աջակիցներ:
Միակ բանը, որ մինչև այժմ կենտրոնը ստացել է ՀՀ կառավարությունից` Ազգային գրադարանի առաջին հարկի տարածքն է, որը նրանց 2 տարի առաջ անվարձահատույց տրամադրվել է օգտագործման համար: Լիլիթի խոսքով` իրենք երբեք չեն դիմել պատկան մարմիններին աջակցության համար և շնորհակալ են կառավարությունից դրա համար:
«Բոլոր մտածում են, ինչ հարցերում է թերացել պետությունը, ինչում է մեղավոր, սակայն չեն գիտակցում, որ այս պետությունը դեռ նոր է կազմավորվել և միգուցե ինքն էլ մեր աջակցության կարիքն ունի: Իսկ մենք ի՞նչ ենք արել պետությանը օգնելու համար բողոքելուց բացի: Պետք է հավատալ արածդ գործին ու աշխատել»,- ասում է նա:
Լիլիթը երազում է մի օր տեսնել, որ իրենց գործը տարածում է գտել ու մարդիկ տարազներ են հագնում տոների ժամանակ. «Կարևոր չէ` մեր անունը կնշվի, թե ոչ, ես հավատում եմ, որ այդ օրը կգա»:
Նախորդող հրապարակում՝ Photo Atelier Marashlyan Retro. Լուսանկար, որը դառնում է պատմություն
Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում
Rashani և Jewo. Աստծո շնորհով ու լույսի մեջ ապրող մարդիկ
Արա Ալեքյանի կրակից հառնող երկաթն ու կարոտվող քանդակները
«Լավ գործ». Հասմիկ Գասպար. Մարդիկ հոգնել են մթությունից
«Լավ գործ». Տիկնիկային թատրոնի տիկնիկագործ. Ես հավատում եմ հրաշքին