09/12/2013 13:30
ՄԻՊ. Կառաշքի չափը Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար է
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանը ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանը ներկայացրեց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույց: Գենյա Պետրոսյանը ղեկավարել է զեկույցը մշակող աշխատանքային խումբը: ՄԻՊ Կարեն Անդրեասյանը չմասնակցեց ասուլիսին, և միայն գրասենյակի առաջին հարկում ասուլիսից առաջ լրագրողներին բաժանեց զեկույցը:
Գ. Պետրոսյանի խոսքով՝ իրենք հույս ունեն, որ զեկույցում ներկայացված տեղեկատվությունը հիմք կհանդիսանա, որ պատկան մարմինները հետաքննություն սկսեն, սակայն որևէ կոնկրետ դեպq կամ անուն չցանկացավ հրապարակել, ասելով, որ զեկույցում առկա բոլոր տվյալները ստացվել են հարցազրույցների ժամանակ և իրենք իրավունք չունեն որևէ անուն կամ այլ թիվ հրապարակել:
Զեկույցի արդյունքներով պարզվել են դատական համակարգում առկա հետևյալ կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող
գումարի չափերը և տրման ձևերը.
1. Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի
համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:
2. Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև:
3. Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որևէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկվում և հրանգավորվում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամի կողմից:
4. Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը և փոփոխմանը:
Գենյա Պետրոսյանի խոսքով՝ դատական կաշառքի սակագների չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով:
«Հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատնվում են հետևյալ միջակայքերում՝ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար»,-ասաց նա:
Ըստ զեկույցի՝ որոշ հարցվածների պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ կամ նրանց հետ «փայատեր» ստորադաս ատյանի դատավորներ ունեն իրենց հետ ոչ պաշտոնական ձևով փոխկապակցված փաստաբանական գրասենյակները, որոնց միջոցով իրականացվում են համապատասխան գործարքները:
«Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2013» հարցման արդյունքներով Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 69%-ը համարել է, որ դատական համակարգը կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված է, իսկ հարցվածների 18%-ը հայտարարել է դատարաններին կաշառք տալու փաստի մասին: Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 4-ից
գրեթե 3-ը դատական համակարգը համարում են կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված:
Գ. Պետրոսյանի խոսքով՝ զեկույցի մշակման նպատակով հարցազրույցներ են անցկացվել շուրջ 120 ոլորտի մասնագետների հետ՝ փաստաբաններ, դատախազներ, դատավորներ, իրավաբան-գիտնականներ և այլ փորձագետներ: Պաշտպանի կողմից երաշխավորվել է հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը:
Զեկույցի ստեղծման համար ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության խորհրդի 2006-2013թթ. ընդունված բոլոր
որոշումները, 270 վճռաբեկ բողոքներ, որոնք վարույթ են ընդունվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից (2012-2013թթ. 1), դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 500 դիմումների ընթացքը (2011-2013թթ.), 200 վճռաբեկ բողոքներ և դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումներ (2007-2013թթ), փաստաբանների կողմից տրամադրված շուրջ 35 դատական գործեր:
Նախորդող հրապարակում՝ ՄԻՊ. Եթե դատարանը լիներ վստահելի, ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր