09/12/2013 14:00
Վճռաբեկի առանձին դատավորներ ունեն իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանը ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանը՝ ներկայացնելով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույցը, նշեց, որ զեկույցում առանձին մաս է հատկացված Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտին:
«Մեր բազմաթիվ հարցումները վկայում են, որ Վճռաբեկ դատարանում ներկայումս ձևավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ: Ձևավորված է, այսպես կոչված, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտը: Ըստ այդ համակարգի Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված և իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը:
Ստորադաս դատարանի դատավորը իր գործի մասին Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորին» տեղեկացնում է անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի կամ ոչ պաշտոնական «տեղեկանքների» ներկայացման միջոցով»,-ասված է զեկույցում:
Ըստ զեկույցի՝ բացի զոնալ դատավորի ինստիտուտից Վճռաբեկ դատարանում ներքին հանցավոր «հրովարտակով» հաստատված են այն գործերի տեսակները, որոնցով, մինչև որևէ վճիռ կայացվելը, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ պարտադիր պետք է համաձայնեցվեն: ՄԻՊ հարցման ժամանակահատվածում նման գործերի շարքին էին դասված՝ հանրային հնչեղություն ունեցող գործերը, զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ գործերը (քանի որ դրանք էլ են հնչեղ և, բացի այդ, լրատվական դաշտին պետք չէ անտեղի վրդովեցնել), քրեական գործերով` պատիժը պայմանականորեն չկիրառելու, սահմանված նվազագույն պատժից ցածր պատիժ նշանակելու, մեղադրական եզրակացությունից շեղվող դատավճիռ կայացնելու դեպքերը:
Ըստ զեկույցի՝ բազմաթիվ փաստաբաններ ՄԻՊ-ին հայտնել են, որ Վճռաբեկ դատարանում հաճախ տեսնում են դատավորներին՝ դատական գործերի հատորներով՝ համապատասխան «Վճռաբեկի զոնալ դատավորի» հետ հանդիպմանը սպասելիս:
«Մի շարք դեպքերում առաջին ատյանի դատարանի դատական ակտերը գրվում են Վճռաբեկ դատարանում և փոխանցվում դատավորին: Դատական գործի համաձայնեցումը Վճռաբեկ դատարանի հետ հաճախ կատարվում է ոչ միայն վերջնական դատական ակտի կայացման փուլում, այլև դատական գործի քննության ողջ ընթացքում: Փաստաբանները նկատել են, որ հենց դատական նիստի ընթացքում դատավորը որոշակի պահին ընդմիջում է հայտարարում և, ամենայն հավանականությամբ, կապ է հաստատում Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ և քննարկում գործի մանրամասները»:
Դատավորների նկատմամբ ճնշումները որոշակի դրսևորումներ են ստանում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ներսում: Վճռաբեկ դատարանի որևէ պալատի նախագահ կարող է որոշումը ստորագրել առաջինը, այնուհետև այն փոխանցել վճռաբեկ դատարանի պալատի մյուս դատավորներին՝ նման ձևով կաշկանդելով նրանց հակառակ դիրքորոշում արտահայտելու հարցում: Ընդհանուր ճնշվածության և ազդեցության կոնկրետ լծակների առկայության պարագայում Վճռաբեկ դատարանի անդամները հիմնականում խուսափում են դիմադրել պալատի նախագահին և ենթարկվում են նրա կամքին:
«Ստացված ցուցումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում ես հարկադրված էի պարբերաբար ընդմիջումներ հայտարարել՝ Վճռաբեկ դատարանի դատավորին գործի ընթացքի մասին զեկուցելու համար»:
«Դատավորների նկատմամբ առկա ճնշումները և դրանք իրականացնելու համար կիրառվող ռեպրեսիոն մեխանիզմները հանգեցրել են մի իրավիճակի, երբ հաճախ ստորադաս ատյանի դատավորները վերածվում են տեխնիկական աշխատանք իրականացնող կամակատարների: Ինչպես նշել էր հարցված փաստաբաններից մեկը. «Վճռաբեկ դատարանի ցուցումներին ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն Դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը հանդիսանում են ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներից մեկը, իսկ դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը՝ ազգային անվտանգության դեմ ուղղված ներքին սպառնալիք»:
Նախորդող հրապարակում՝ ՄԻՊ. Կառաշքի չափը Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար է
ՄԻՊ. Եթե դատարանը լիներ վստահելի, ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր