12/12/2013 17:42
ՊՆ. Եթե հրամանատարին ժամանակին ասեին, ապա մահվան դեպքը չէր լինի
Եթե զինծառայողները ժամանակին հրամանատարին զեկուցեին, որ միջանձնային հարաբերություններում խնդիրներ կան, ապա կարելի էր կանխել տեղի ունեցածը, և մենք չէինք գտնի զենքի պահասենյակում զինվորին սպանված վիճակում: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով դեկտեմբերի 10-ին զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան դեպքին:
Նախարարի խոսքով` և՛ հասարակությունում, և՛ բանակում դեռ կան երևույթներ, որոնք թաքցվում են, և ժամանակին չզեկուցվելու պատճառով հնարավոր չի լինում խնդիրները լուծել սեփական ուժերով:
«Հասարակության մեջ կարծրատիպ կա, որ իրավապահ մարմիններին զեկուցելը կամ հրամանատարներին դիմելը ճիշտ չէ, և դա «փողոցից է ներմուծվում բանակ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` դեկտեմբերի 10-ին ժամը 18.10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:
Ըստ նախնական տեղեկությունների զինծառայողն ինքնասպան է եղել:
Նշենք, որ Վանիչկա Հովակիմյանը ծնունդով Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղից է:
Նախորդող հրապարակում` ՊՆ քննչական ծառայություն. Զիվորի մահվան գործով արդեն կա ձերբակալված անձ