16/12/2013 19:56
Լոռու մարզպետի մասնակցությամբ ծեծկռտուք՝ սուպերմարկետում
Aysor.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, «Ալավերդի» սուպերմարկետում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ: Նախնական տեղեկություններով՝ վիճաբանությունը քաղաքական ենթատեսքտ չի ունեցել:
Ըստ աղբյուրի՝ հարբած հաճախորդը Ալավերդիում խանութ է մտել և ցանկացել է միս գնել, սակայն վաճառողը՝ տեսնելով, որ նա հարբած է, հրաժարվել է սպասարկել նրան, ինչին ի պատասխան հաճախորդը վիճաբանություն է սկսել և պահանջել, որ կանչեն տիրոջը:
Ըստ աղբյուրի՝ նրան է մոտեցել Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, ով ըստ որոշ տեղեկությունների, այդ խանութի տերն է և ապտակել է հաճախորդին, ինչը առաջացրել է ներկաների դժգոհությունը և վերածվել է ծեծկռտուքի:
Ա. Նալբանդյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը:
«Ո՞նց կարող եմ ես վիճաբանության և ծեծկռտուքի մեջ մտնել, դուք այդ հարցից բան հասկացա՞ք, ամեն լուրը ճշտելու համար ի՞նձ պետք է զանգեք: Նման բան, իհարկե, չի եղել»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ Ալավերդիում եղե՞լ է, նա նշեց, որ ոչ, այս պահին էլ Վանաձորում է գտնվում՝ իր աշխատասենյակում: