16/12/2013 13:50
ՀՅԴ-ն երթ է անելու ընդդեմ կուտակային համակարգի
ՀՅԴ Երևանի կոմիտեն տարածել է հայտարարություն, որով տեղեկացնում է, որ վաղը` դեկտեմբերի 17-ին, կազմակերպվելու է երթ ընդդեմ կեսնաթոշակային բարեփոխումներին:
«2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում բազմաստիճան կենսաթոշակային մի համակարգ, որի մի շարք դրույթներ արդարացի ընդվզում են առաջացրել հասարակության ամենատարբեր շերտերում։ 2014թ. գործարկվող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 1974թ. և հետո ծնված ՀՀ քաղաքացիները պարտավոր կլինեն կուտակային մասնավոր ֆոնդերին փոխանցել իրենց չհարկված աշխատավարձի 5-ից 10 տոկոսը։
Ըստ էության, օրենքով պարտադրվող կուտակային վճար գանձելն ու այն մասնավոր կենսաթոշակային հիմնադրամին ուղղելը ոչ իրավաչափ է և հակասության մեջ է մտնում Սահմադրության 45-րդ հոդվածի հետ՝ խախտելով Սահմանադրությամբ երաշխաված անձի սեփականության իրավունքը:
Օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչը հակասում է նաև սոցիալական պետության սահմանադրական համակարգին՝ խաթարելով Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական մի շարք իրավունքների պատշաճ իրականացումը: Հիմնավորված չէ նաև պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը պետբյուջեի վրա թողնելը։
Քաղաքացիների կողմից կատարված վճարների տնօրինումը օտարերկրյա մասնավոր ընկերություններին հանձնելը մի շարք իրավական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնում՝ կապված գումարների երաշխավորելիության, գումարները երկրից դուրս հանելու, ինչպես նաև ֆոնդերի կառավարման, դրանց թափանցիկության հետ։
Առաջարկվող մոդելը միջազգային պրակտիկայում լինելով աննախադեպ, ակհայտորեն ռիսկային է և ոչ միայն չի ապահովում կենսաթոշակային համակարգի առջև ծառացած խնդիրների ամբողջական լուծումը, այլև չի երաշխավորում ապագա սերունդների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հնարավորությունը:
Ավաղ, վերոնշյալ և մի շարք այլ հիմնախնդիրների շուրջ անդրդվելի և անտարբեր մնացին կառավարությունն ու խորհրդարանական կոալիցիան՝ մերժելով անգամ Ազգային ժողովում հարցը քննարկելու և օրենքի գործադրումը մեկ տարով հետաձգելու ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգությունև ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունների նախաձեռնությունը։
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականությունը խորհրդարանական չորս ուժերը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։
ՀՅԴ Երևանի կոմիտեն՝ կարևորելով ՀՀ օրենքների սահմանադրականությունը, պաշտպանված և երաշխավորված իրավունքներով ու արժանապատիվ ապագայով հասարակություն ունենալու գերխնդիրը, կոչ է անում երևանցիներին մասնակցելու դեկտեմբերի 17-ին, ժամը 12:-30-ին Ազատության հրապարակում մեկնարկող ԸՆԴԴԵՄ կենսաթոշակայինի երթին։
Սիրելի երևանցիներ, միասին պայքարենք հանուն մեր իրավունքների, հանուն սոցիալական և իրավական երկրի»,- ասված է հայտարարության մեջ: