17/12/2013 14:31
Նախարարը՝ գազի գնի մասին. Մենք չէինք կարող այդ թվերը հրապարակել
2010-ի երկրորդ կեսից ռուսական կողմը սկսեց անհանգստացնել Հայաստանին` գազի գնի բարձրացման հետ կապված: Այդ ժամանակվանից սկսած` տարվում են բանակցություններ, որպեսզի սահմանին Հայաստանին մատակարարվող 1000 խմ գազի գինը մնա 180 դոլարի սահմաններում: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ բնական պաշարների և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
Շարունակելով խոսքը` նախարարը նշեց, սակայն, որ բանակցություններն արդյունք չեն տվել, հետևաբար` 2011-ի ապրիլից գազը պետք է թանկանար. «Հայկական կողմը ռուսական կողմի հետ եկել է համաձայնության, որ գործող գինն ընդունվում է որպես բազային գին: Այսինքն` Հայաստան մատակարարվող գազի գինը սպառողների համար սահմանվում էր սահմանի վրա գործող 180 դոլարը»:
Բանակցությունների արդյունքում, ասաց նախարարը, ստեղծվել է համաձայանգիր, որով բազային գին է սահմանվել մինչև 180 դոլարը, սահմանման մեջ ներառված էր նաև 30 տոկոս մաքսատուրքը. «Բանակցությունների արդյունքում եկանք այն համաձայնության, որ Հայաստան ներմուծվող գազի գինը, որը մինչ այդ գործում էր 30 տոկոս սուբսիդավորելու համար, հիմա 30 տոկոս մաքսատուրքը Հայաստանի համար չի գործում: 2011-ի ապրիլից մինչև այսօր ռուսական կողմը գազի գինը սահմանի վրա պարբերաբար փոփոխում էր, բայց մեզ տալիս այն երաշխիքը, որ իրացումը կազմակերպում ենք 180 դոլարով: Հենց այդ տարիների ընթացքում գնային տարբերությունից էլ առաջացավ 300 մլն դոլարի պարտքը»,- ներկայացրեց Ա. Մովսիսյանը:
300 մլն պարտքը, շարունակեց խոսքը նախարարը, նոր բանակցային թեմա դարձավ, և երկար բանակցությունների արդյունքում որոշվեց, որ պարտքի մոտավորապես կեսն իր վրա վերցնի ռուսական կողմը, իսկ մյուս կեսը փակի հայկական կողմը. «Ինչպե՞ս պետք է փակեր: Եվ բանակցությունների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է «ՀայՌուսգազարդի» մնացած 20 տոկոս բաժնետոմսերը ծախենք ռուսական ընկերությանը»:
Նախարարի երկար ելույթից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կառավարության գործելաոճը որակեց «հանցագործ», ապա հարցրեց, թե ինչու է կառավարությունը ժողովրդից թաքուն պահել այս ամենը:
Նախարարն ասաց, թե կառավարությունը հանցագործ չէ, ապա շարունակեց. «Քանի որ որոշում կայացվեց շարունակել բանակցությունները, գործում էր 180 դոլար, մինչև տեսնեինք, թե ինչ արդյունք են տալիս բանակցությունները, ԱԺ ներկայացնելու խնդիր չկար: Մենք ասացինք, որ այդ գինը մեզ համար ընդունելի չէ, մենք չէինք կարող այդ թվերը հրապարակել ու դարձնել հանրության սեփականությունը: Մենք չենք կարծում, որ այստեղ որևէ հանցագործություն կամ օրենքի խախտում է եղել»: