19/12/2013 15:50
«Գազպրոմից» բացի այլ կազմակերպություն իրավունք չունի գազ ներկրել. Aravot.am
Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակել է այս տարվա դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Այս մասին գրում է Aravot.am-ը:
Այս համաձայնագրից բացի, բանավոր ընթացակարգով լսվեց նաև երկու կառավարությունների միջև բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, ինչպես նաև նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Ի դեպ, ՍԴ է դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Բացի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից, դատական նիստը դատարկ դահլիճում է ընթացել:
Համաձայնագիրը իր պարտավորություններով, ըստ ՍԴ որոշման, համապատասխանում էր Սահմանադրությանը: Ըստ այդ համաձայնագրի՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,007% բաժնեմասը 1 մլն 260 հազար անվան բաժնետոմսերով 63 մլրդ 339,9 մլն արժեքով օտարվում է Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» ընկերությանը: ՍԴ անդամներին հետաքրքրում էր, թե էներգետիկան, որն արտադրվում է Հայաստանում, դրա ո՞ր մասն է Հայաստանինը և որը «ՀայՌուսգազարդինը»:
Ըստ նախարարի՝ 5-րդ բլոկն է «ՀայՌուսգազարդինը», որը տարեկան արտադրում է 800-900 մլն կիլովատ/ժամ էներգիա, որի կեսն է օգտագործում Հայաստանը: Համաձայնագրում գրված էր, որ թույլատրվում է էներգիայի արտադրություն և իրացում Հայաստանի տարածքում և արտահանում:
ՍԴ անդամին հետաքրքրում էր, թե ամբողջ արտահանումը պայմանավորվա՞ծ է «Գազպրոմով», թե՞ Հայաստանը կարող է ինքնուրույն արտահանել: Ըստ նախարարի՝ Հայաստանն ունի իրավունքներ ներքին շուկայի կարգավորման համար և որևէ սահմանափակում համաձայնագիրը չի պարտադրում Հայաստանին:
Ի դեպ, նախարարը պատասխանելով մեկ այլ հարցի, թե բացի Ռուսաստանից, որևէ այլ պետություն իրավունք ունի՞ գազ ներկրել, նա ասաց, որ խոսքը վերաբերում է «Գազպրոմին», ռուսական որևէ այլ կազմակերպություն իրավունք չունի ներկրելու:
Ըստ նախարարի, պարտավորությունները մեր պետության կողմից են, մեր առաջացած պարտքի հետ են կապված:
Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ Ռուսաստանի «Գազպրոմի» համար համաձայնագրով սահմանված է 15% շահութաբերության մակարդակ և որ բանակցությունների արդյունքում իջեցրել են 9%, ժամկետը երկարացրել (30 տարով), որպեսզի դա քիչ ազդեցություն ունենա:
Նյութի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: