23/12/2013 12:51
ՀՀԿ-ականները ձեռքով քվեարկեցին. Ոչ իշխանականները լքեցին դահլիճը. Նկարներ
Քսան րոպե ընդմիջումից հետո` խորհրդարանում սկսվեց «գազային համաձայնագրի» քվեարկությունը: Մինչև ընդմիջման ավարտը, սակայն, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր «Հանրապետական» խմբակցության պատգամավորների գրանցման քարտերը՝ առանց որի չեն կարող քվեարկել։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քանի որ քարտերը վերցվել են ու ԱԺ-ն ունի հաշվիչ հանձնաժողով, պատգամավորները կքվեարկեն ձեռքով:
Մինչ քվեարկության մեկնարկը` խորհրադարանի դահլիճում ոչ իշխանական պատգամավորներն աղմկում էին:
Նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, դիմելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին` կոչ արեց, որ վերջինս ձեռքով չխոսի:
ԱԺ նախագահը իր գործընկեր ՀՀԿ-ական պատգամավորներին խնդրեց հանգիստ լինել, պահպանել հանգստություն: «ԱԺ-ի համար ամոթ է, որ նման պատգամավորներ կան: Նրանք իրենց մտավոր ունակությամբ չեն կարողանում հարց լուծել, փորձում են անկարկգությամբ հարց լուծել»,- ասաց ԱԺ նախագահը:
Մինչև քվեարկությունը, վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց Զարուհի Փոտնաջյանը, ում սակայն խոսքի իրավունք չտրվեց:
Մինչև ձեռքով քվեարկությունը, ոչ իշխանական բոլոր պատգամավորները դուրս եկան խորհրդարանի դահլիճից, ինչից հետո էլ Հ. Աբրահամյանն ասաց, որ կքվեարկեն այն մարդիկ, ովքեր կազմակերպել էին քվեարկությունը:
ՀՀԿ-ականների ձեռքով քվեարկության ժամանակ ԱԺ հավատարմագրված լրագրողները, որպես բողոքի նշան, ծեծում էին ապակիները, ինչին ի պատասխան ԱԺ նախագահը հրահանեց անվտանգության աշխատակիցներին հսկել տվյալ սենյակը:
Այնուամենայնիվ` տեղի ունեցավ ձեռքով քվեարկություն, որի ժամանակ 77 կողմ, 0 դեմ և 0 կողմ ձայների հարաբերակցությամբ համաձայնագիրը վավերացվեց:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում արտահերթ նիստին պետք է քվեարկության դրվի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: