23/12/2013 12:20
Պաստառներով լրագրողները` ԱԺ դահիճում. 20 րոպե ընդմիջում` ՀԱԿ-ի խնդրանքով
Այսօր խորհրդարանում շարունակվում է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քննարկումն ու քվեարկությունը:
Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց նախորդ նիստին քննարկված օրինագծերը, վարման կարգով ձայնի իրավունք խնդրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա հայտարարեց, որ ԱԺ-ի դարապասաների մոտ քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում. «Բոլոր նրանք, ովքեր կողմ կքվեարկեն համաձայնագրին…»,- սկսեց Փոստանջյանը ու փորձեց շարունակել, սակայն Հ. Աբրահամյանն ընդհատեց Փոստանջյանին` հրահանգելով անջատել խոսափողը:
Իր հերթին վարման կարգի վերաբերյալ խոսքի իրավունք խնդրեց նաև ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը` ասելով, որ ինքը կրում է իր քվեարկության պատասխանատվությունը և շատ լավ հասկանում է` ինչի համար է քվեարկում:
Խոսքի իրավունք խնդրեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա խմբակցության անունիից քսան րոպե ընդմիջում խնդրեց:
Նշենք, որ մինչև ընդմիջումը խորհրդարանի դաճլիճ էին մտել նաև մի քանի լրագրողներ, ովքեր իրենց ձեռքին ունեին գրությամբ պաստառներ:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում արտահերթ նիստին պետք է քվեարկության դրվի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: