26/12/2013 13:26
«Ազնիվ կլիներ, որ Կառավարությունը 20 տոկոս բաժնեմասը նվիրեր Ռուսաստանին»
«Գազային համաձայնագիրն» անտեսում է ՀՀ բոլոր օրենքները, այդ թվում` մասնավորեցման, համայնքների սեփականությունը հանդիսացող բազմաթով հողատարածքների, խողովակաշարերի սեփականշնորհման և այլն: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգմավոր Արծվիկ Մինասյանը:
«Ես չեմ տեսել Հայաստանի կնքած որևէ համաձայնագիր, որով Հայաստանը հրաժարվի միջազգային իրավունքով տրվող բոլոր անձեռնմխելիություններից, սակայն այս պայմանագրով Հայաստանը հրաժարվում է: Ավելի ազնիվ կլիներ, եթե Հայաստանի կառավարությունը գար Ազգային ժողով ու ասեր՝ «էս 20 տոկոսը նվիրենք Ռուսաստանին», ոչ թե նման պայմանագիր ստորագրեր»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
Ասուլիսին մասնակից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ իր հերթին ասաց, թե կառավարության կարծիքով սա փայլուն պայմանագիր է, որը կնքվել ու, իրենց կարծիքով, վավերացվել է:
ԲՀԿ պատգամավորն ասաց, որ Հայաստան ներմուծվող գազն այքան էլ էժան չէ, ինչպես խոսվում է: Նա օրինակ բերեց հարևան Վրաստանը, որտեղ բնակչին հասնող գազը 269 դոլար է. «Որը մեզանից էապես էժան է, բայց Հայաստանում բնակիչը մուծում է մոտ 400 դոլար: Հետևաբար չեմ հասկանում հայտարարությունները, թե մենք ամենաէժանն ենք գազ ստանում: Մենք ստանում ենք բավականին թանկ գազ, որը համեմատելի է եվրոպական գների հետ»: