27/12/2013 13:58
ՀՀ վարչապետ. Մեզ այդպես էլ չհաջողվեց երկրում ստեղծել միջին խավ
Մեր կառավարության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք ինքներս խոսում ենք բացթողումների մասին, որոնք այո՝ առկա են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի՝ 20% աղքատության ցուցանիշի մասին հարցին:
«Մեր ընդդիմախոսները, սակայն, պատրաստ չէին այսպիսի նորամուծության, քանի որ սկսվեց որոշակի խնդիրների մոգոնում: Ձեր նշած թվերի հետևում կանգնած են մարդիկ ու մարդկային ճակատագրեր: Մեր քաղաքական թիմի առաջնային խնդիրներից մեկը աղքատության հաղթահարումն է»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այս խնդիրը առաջ եկավ 90-ականների սկզբին:
«Այս ընթացքում մեզ հաջողվեց ստեղծել մարդկանց մի փոքր խավ, որ կարողանում է որոշակիորեն հոգալ իր խնդիրները, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց մեր երկրում ստեղծել միջին խավ: Խնդիրն այն է, որ մեր երկրում աղքատության իրական ցուցանիշը ոչ թե պաշտոնական վիճակագրությունն է, այլ՝ նվազագույն կարիքների հոգացության հնարավորություն չունեցողների թիվը»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այսօրվա առաջնային խնդիրը և աղքատության դեմ պայքարի հիմնական գործիքը աշխատատեղերի ստեղծումն է, սակայն՝ ոչ ինքնանպատակ.
«Պետք է ստեղծել նվազագույնը 150 հազար դրամ աշխատավարձ ապահողվող աշխատատեղեր»,- ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս Կառավարությունն առաջին անգամ ունեցավ համարձակություն` ասելու, որ «Կառավարությունը գիշերային պահակ չէ».
«Մենք կոտրեցինք այն մտայնությունը, որ պետությունն ուղղակի պետք է ստեղծի միջավայր, իսկ բիզնեսն արդեն ինքնուրույն` մրցակցության պայմաններում կստեղծի համապատասխան դաշտ: Մենք համագործակցություն սկսեցին մասնավոր սեկտորի հետ, որի շրջանակներում արդեն ունենք կայուն համագործակցություն 12 ոլորտներում»:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ամփոփում է անցնող տարին: