08/01/2014 12:10
Շանթ Հարությունյանը շարունակում է հացադուլը
Շանթ Հարությունյանը շարունակում է հացադուլը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Շ. Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Ի. Պետրոսյանը այսօր ժամը 13-ի սահմաններում պատրաստվում է այցելել Շ. Հարությունյանին, իսկ նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չունի:
ՀՀ ԱՆ ՔԿՀ լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանի հեռախոսահամարը անհասանելի է:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 24-ից ժամը 20-ից հացադուլ է սկսել: Այս տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՀ լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Հարցին՝ ինչն է հացադուլի պատճառը, Գ. Ղլեչյանը նշեց.
«Նա իր դիմումում գրել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հատուկ ծառայություններն իր դեմ օպերացիա են սկսել»,- ասաց Գ. Ղլեչյանը:
Հարցին՝ իսկ հարազատների հետ տեսակցության արգելանքների չվերացման հետ կապված որևէ պահանջ չկա՞ դիմումում, Գ. Ղլեչյանը պատասխանեց` ոչ:
Նշենք, որ նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանի հացադուլի պատճառը իր դեմ ծրագրված օպերացիան է