15/01/2014 14:55
Լյուքս Ստեփանյանի գործով փաստաբանների ավտոմեքենան խափանվել է ճանապարհին
Նոյեմբերյանի N զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի մահվան և Հրաչ Սարգսյանի հրազենային վիրավորման գործով դատական նիստին ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպաններ Վաղինակ Գևորգյանը և Երեմ Սարգսյանը չեն ներկայացել` ավտոմեքենայի խափանման պատճառով: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Գևորգյանը:
Փաստաբանի խոսքով` ավտոմեքենան խափանվել է ճանապարհին և իրենք այդ պատճառով չեն կարողացել հասնել դատարան:
Հիշեցնենք, որ այսօր այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում նշանակված էր այս գործով դատական նիստ:
Ըստ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակի ռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախորդող հրապարակում` Լյուքս Ստեփանյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել դատարանում