19/01/2014 23:03
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը
Կիևի կենտրոնում` կառավարության շենքի մոտ, հանրահավաքի մասնակիցներն այրել են ոստիկանական երկու մեքենա: Ոստիկանների և Եվրաինտեգրման կողմնակիցների միջև բախումները չեն դադարում արդեն չորս ժամից ավելի:
Երկու կողմից գործի են դրվել լուսաձայնային պայթուցիկներ, իսկ ոստիկանությունը մարդկանց ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործել:
Անկախության հրապարակում, որտեղ վրանային ճամբար են ստեղծել հանրահավաքի մասնակիցները և ընդդիմության կողմնակիցները, ելույթ է ունեցել «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը, ով հորդորել է հավաքվածներին բռնության չգնալ և չտրվել սադրանքներին:
«Ես դատապարտում եմ այն բռնությունները, որ այս պահին տեղի են ունենում: Դա չէր մեր ծրագիրը: Մենք հորդորում ենք մեր կողմնակիցներին չտրվել որևէ սադրանքի: Նրանք, ովքեր հորդորում են գրավել կառավարության շենքը, չեն գիտակցում, որ դա չի բերի ոչ մի արդյունքի` բացի արյունահեղությունը»,- ասել է Յացենյուկը:
Վրանային ճամբարի վրա թանձր ծուխ է, իսկ արցունքաբեր գազը անհնարին է դարձնում շնչելը: Այս պահին Շտապօգնության աշխատակիցները փորձում են դուրս հանել մարդկանց, ովքեր շնչահեղձ են լինում կամ մարմնական վնասվածքներ են ստացել լուսաձայնային ռումբերի պայթյուններից: