22/01/2014 12:00
Թուրք ազգայնականները ՀՀ-ում են. Իսկ ո՞ւր են հատուկ ծառայությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Գյանջայում տեղի ունեցած նոր թաղամասի բացման արարողության ժամանակ, բնակիչների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ներկայիս տարածքը Ադրբեջանի պատմական տարածքներից է և ադրբեջանցի երեխաներն ու երիտասարդները պետք է ապրեն այդ գաղափարներով: Նա նշել է, թե հետագայում ադրբեջանցիները պետք է ապրեն իրենց պատմական տարածքներում:
Մինչ Ադրբեջանում ու Թուրքիայում ամենաբարձր մակարդակով բարձրաձայնում են Հայաստանի տարածքի վերաբերյալ իրենց հավակնությունների մասին, տարբեր ծրագրերով Հայաստան են ժամանում թուրքեր, որոնց նպատակը իբրև թե պատմական հարևանների հետ հարաբերությունների ջերմացումն է:
Ավելին, այն թուրքերը, որոնք այս կամ այն «հաշտեցման» ծրագրի անվան տակ գալիս են Հայաստան ու հետագայում սոցիալական ցանցում զետեղում Հայաստան կատարած այցի վերաբերյալ լուսանկարներ, ակնհայտ է դառնում, որ դրանց մի մասը կամ «գորշ գայլեր» կազմակերպության անդամ է կամ նվազագույնը համակիր:
Դրանում կարելի է համոզվել` նայելով ՖԲ-ում վերջիններիս զետեղած լուսանկարներից:
Այս լուսանկարները վերջին օրերին տարածվեցին Facebook սոցիալական կայքում: Դրանցում թուրք գործիչ Հասան Օքթայն է, ով մի քանի անգամ այցելել է Հայաստան:
Վերջին այցելության նպատակն, ըստ ankakh.com-ի, Երևանում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակ բացումն է:
Տեղի ունեցողը ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանն Aysor.am-ի հետ զրույցում որակեց մեկ բառով՝ լկտիություն:
«Մեր իշխանությունները, մեր հատուկ ծառայությունները բարձիթողի վիճակ են ստեղծել ու այն, ինչ տեսանք, դրա հետևանքն է»,- ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկը` ավելացնելով.
«Ես ընդհանրապես իմաստ չեմ տեսնում թուրքական գործակալության բացման մեջ Երևանում: Ես ընդհանրապես թուրքական ամեն ինչին եմ դեմ Հայաստանում: Հատուկ են անում նման բաներ, նման լուսանկարներ, որ ցույց տան՝ թե տեսեք մենք ամեն տեղ ենք: Պետք է ազգային անվտանգության ծառայությունները զբաղվեն այս հարցով»,- ասաց Վազգեն Սիսլյանը:
Նշենք, որ «Գորշ գայլերը» թուրքական ծայրահեղ ազգայնական կազմակերպություն է: Այն գլխավորապես պայքարում է հայերի, հույների, հրեաների ու քրդերի դեմ: