22/01/2014 20:46
«Ալիշան» ՍՊԸ տնօրեն. «ՀայՌուսգազարդը» պահանջում է 1 մլն 906 հազար դր.
«Ալիշան» ՍՊԸ պահածոների արտադրության հիմնադիր, սեփականատեր, տնօրեն Սերժիկ Մոսեսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց, որ «ՀայՌուսգազարդ» ՍՊԸ-ից ստացել է 1 միլիոն 906 հազար 608 դրամ պարտքի վերաբերյալ ստացական՝ 3 օրվա ընթացքում վճարելու ժամկետով:
«Մենք հարցում ուղարկեցինք ընկերություն, թե ի՞նչ պայմաններով եք հաշվարկել այդ գումարը, բայց արդյունք չստացանք, հանձնարարեցին Արաշատի մասնաճյուղի աշխատողներից մեկին, որ գան քննարկեն հարցը 5 օրվա ընթացքում, անցավ 1 ամիս, ոչ մի լուծում չի տրվել: Սա սպառնալիք է, իրենք ուզում են ցույց տալ, որ օրենքից վեր են»,- ասաց նա:
«Ալիշան» ՍՊԸ-ի տնօրենի և գազի մասնագետ Խաչատուր Թադևոսյանի խոսքով՝ իրենց հաշվարկները ցույց են տվել, որ «ՀայՌուսգազարդը» իրենցից փորձում է ավել գումար գանձել: «ՀայՌուսգազարդի» կողմից կոնկրետ իմ ընկերության դեմ հատուկ վերաբերմունք չեմ տեսնում: Բոլորի մոտ էլ 20-30 տոկոսով ավելի է հաշվարկվում, իսկ մեզ մոտ ավելի շատ, քանի որ դրսեցի եմ»,- ասաց Ս. Մոսեսյանը:
Ս. Մոսեսյանի խոսքով, եթե «ՀայՌուսգազարդը» չընդառաջի իրենց, ապա կդիմեն դատարան:
Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ այդ ստացականի վրա անգամ չկա ամսաթիվ, հասցեատերը ուղղակի «Ալիշան» ՍՊԸ-ն է և նշված չէ, թե ինչ ծառայության դիմաց ենք իրենք գումար պահանջում:
«Ստացականի վրա նշված չէ, թե ի՞նչ գործակցով են հաշվարկել այդ գինը, չկա հաշիվ-ապրանքագիրը, չկա այն պայմանագիրը, որով իրենք իրավունք ունեն 3 օր չվճարելու դեպքում անջատել գազը: Մեզ այլ ընկերություններ էլ են դիմել, որ դժգոհում են գազի գնից և որակից: ՀՀ-ում գազի գնի և որակի պատճառով գործատուները մեծ դժվարությամբ են կարողանում պահել աշխատողներին, իսկ «Ալիշանը» խոշոր պատվերներ ունի նաև բանակի հետ կապված»,-ասաց նա:
«ՀայՌուսգազարդ» ընկերությանը ևս հրավիրել էին ասուլիսին, սակայն ընկերությունը հրաժարվել էր մասնակցել քննարկմանը՝ նշելով, որ իրենք պատրաստ են կրկին հանդիպելու ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկելու հարցը, սակայն մասնագիտական շրջանակներում և ոչ այս ձևաչափով:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ընկերությունը կրկին տարաձայնություններ ուներ «ՀայՌուսգազարդի» հետ:
Նախորդող հրապարակում՝ Գ. Մակարյան. «ՀայՌուսգազարդը» խոչընդոտում է բիզնեսի աշխատանքներին
Սեփականատեր. «ՀայՌուսգազարդը» պատրաստ է իր սխալի համար գործարանս պայթեցնել