29/01/2014 12:39
ԿԽՄԿ-ն բանակցում է սահմանը հատած քաղաքացու հետ հանդիպելու համար
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ, Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու հետ հանդիպելու համար: Այս մասին, «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան:
Հիշեցնենք, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը երեկ դուրս է եկել տանից և մինչև այժմ նրա գտնվելու վայրի մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Նրան վերջին անգամ սահմանագծի մերձակայքում տեսել է նույն գյուղի հովիվներից մեկը: Ոստիկանությունից արդեն հայտնել են, որ Խոջոյանը առողջական խնդիրներ է ունեցել (հոգեկան) և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության տակ: Ադրբեջանը հայտնում է, որ վերոնշյալ քաղաքացին հատել է սահմանը և գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Aysor.am-ը կապվեց նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու հետ` պարզելու, թե արդյոք կապ հաստատե՞լ են ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հետ` մանրամասներ ճշտելու ՀՀ քաղաքացու գտնվելու վայրի և առողջականի վիճակի մասին:
Զ. Ամատունին նշեց, որ ԿԽՄԿի երևանյան և Բաքվի գրասենյակները միմյանց հետ կոորդինացված աշխատում են` հաստատելով տեղեկություններ այն մասին, որ ներկայումս բանակցություններ են տարվում Ադրբեջանի իշխանությունների հետ` հանդիպելու սահմանը հատած քաղաքացու հետ:
«Մեր խնդիրն է, մեր մանդատի շրջանակներում, հնարավորինս արագ հանդիպում ունենալ ՀՀ քաղաքացու հետ»,- հավելեց նա:
Հարցին, թե` Ադրբեջանի ՊՆ պաշտոնական վերջին հաղորդագրությունում նշվում էր, որ ՀՀ քաղաքացին վիրավոր է, արդյոք ԿԽՄԿ-ում տեղեկատվություն ունե՞ն քաղաքացու առողջական վիճակի մասին, Զ. Ամատունին նշեց, թե քանի դեռ քաղաքացու հետ չեն հանդիպել, դեռևս պարզ չէ, թե ինչ խնդիրների մասին է խոսքը:
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ առաջիկայում հայ ծերունու հետ հանդիպելուց հետո, ԿԽՄԿ տեղեկատվություն կհաղորդի նաև վերջինիս առոջղական վիճակի վերաբերյալ, Զ. Ամատունին նշեց, որ ամեն ինչ կախված է Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններից:
Նախորդող հրապարակում` 77-ամյա հայ ծերունին կորել է. Ըստ ադրբեջանցիների՝ նա թշնամու տարածքում է