03/02/2014 17:20
Հ. Աբրահամյանը՝ ՀԱԿ պատգամավորին. Իմ կարծիքով՝ զգում եք, որ ճիշտ չեք արել
«Ես դիմում եմ մեծամասնությանը` եկեք բացահայտենք այս ամենը, բացենք խորհրդավորության քողը, ձեզ համար էլ հետաքրքիր կլինի»,- դիմելով խորհրդարանական մեծամասնությանը` այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ոչ իշխանական խմբակցությունները ներկայացրել են գազի գնի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախագիծ:
ՀԱԿ պատագամավորի առաջարկին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ասելով, թե եթե կան թերություններ, խախտումներ, ինքը կողմ է դրանց քննարկմանն ու վերականգնմանը, բայց. «Ինձ հիմա ուրիշ հարց է հետաքրքրում. ինչո՞ւ այդ գաղափարը նախօրոք չեք քննարկել երկու խորհրդարանական ուժերի հետ, պատճառն ի՞նչն է եղել, որ չեք քննարկել:
Ի պատասխան Արամ Մանուկյանն ասաց, որ դրա համար երկու պատճառ կա.
«Մեկն այն է, որ բազմաթիվ անգամ դիմել ենք՝ այս փաստաթղթերը ստանալու համար և ես անձամբ բազմակի դիմել եմ ՀՀԿ-ին, բայց երբեք չեմ տեսել ՀՀԿ-ի ցանկությունը՝ բացահայտելու այն գործարքները, որ կատարվել են: Այս ամենի հետ կապված փաստաթղթերն էլ չեմ տեսել: Անցած անգամ էլ ձեզ դիմեցինք` մի քվեարկեք այն գազային պայմանագրերին, որը 40 տարի կաշկանդելու է մեր երկիրը ու կախվածության մեջ դնելու բոլորիս»,- պարզաբանեց Ա. Մանուկյանը:
«Իմ կարծիքով՝ դուք էլ եք զգում, որ ճիշտ չեք արել, որ չեք դիմել: Այն ժամանակ ակնկալիք կունենայիք, որ կընդունվեր: Իսկ հիմա բերել եք մի նախագիծ, որը չեք համաձայնեցրել երկու ուժերի հետ: Ճիշտ էր ի սկզբանե աշխատելը, քննարկելը երկու խմբակցությունների հետ»,- իր հերթին արձագանքեց Հ. Աբրահամյանը:
Ամփոփելով խոսքը՝ Ա. Մանուկյանը խորհրդարանական մեծամասնությանը կոչ արեց կողմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը: