03/02/2014 13:12
ՕԵԿ-ը խոսեց, նույնիսկ առաջարկեց. 20 րոպե ընդմիջում՝ հարցը հասկանալու համար
Գալուստ Սահակայնն այսօր խորհրադարանում առաջարկեց փոփոխություն մտցնել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմում: Պատգամավորի առաջարկի համաձայն՝ հաշվիչ հանձնաժողովում պետք է լինի 11 անդամ, որոնցից 5-ը, ըստ Գ. Սահակյանի, պետք է լինեն ՀՀԿ-ից, 2-ը՝ ԲՀԿ-ից, իսկ ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» և ՕԵԿ խմբակցությունները ներկայացված լինեն մեկական անդամով:
Նշենք, որ նախկինում հաշվիչ հանձնաժողովն ուներ 7 անդամ, որից 2-ը՝ ՀՀԿ-ական էին:
Սակայն Գ. Սահակյանի առաջարկը դժգոհության առարկա դարձավ և բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ խորհրդարանական մեծամասնությունը կրկին իրենն է անում:
Իրենց խոսքն ասացին պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լևոն Զուրաբյանը, Ռուբիկ Հակոբյանը, նույնիսկ Վարդան Օսկանյանը, ում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց արտահայտել սեփական կարծիք. «Գոնե պարոն Մինասյանի կարծիքը հայտնեք»:
Պատգամավորները, հիմնականում, առաջարկեցին հաշվիչ հանձնաժողովի կազմը թողնել նույն կերպ, սակայն Գալուստ Սահակյանը կրկին առաջարկեց փոփոխություն իրականցնել:
Այդ պահին խոսքի իրավունք խնդրեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա առաջարկեց քսան րոպե ընդմիջում վերցնել:
«Ես առաջարկում եմ քսան րոպե ընդմիջում, որ բոլորս հասկականք հարցը»,- ասաց Հ. Բիշարյանը, ինչը մեծ աղմուկ առաջացրեց նիստերի դահլիճում, սակայն ընդունվեց: