03/02/2014 13:57
Գյումրեցի 77-ամյա կինը տունը տաքացնելու և սնունդ գնելու գումար չունի
Խունացած պատեր, խոնավ ու հնամաշ անկողին, կիսատաք սենյակ, վառարան, հին ժամացույց, հին կահույք և կատու… Ահա այն ամենը, ինչ ունի Լենա տատիկը:
Լենա տատիկը 77 տարեկան է: Ապրում է Գյումրու հին թաղամասերից մեկում: Երբ մի քան տարի առաջ մահացավ նրա ընտանիքի միակ անդամը՝ ամուսինը, նա մնաց միայնակ: Դժվար է տեղաշարժվում, ձմռան այս ցուրտ օրերին հիմնականում պառկած է լինում: Օրվա մեջ մի քանի ժամ վառում է վառարանը, այն էլ շատ թույլ. Դժվար է հիմնական եկամուտ համարվող առանց այն էլ քիչ թոշակից գազի վարձ տալը: Անցած ամիս 27000 դրամ թոշակից 10000 վճարել է գազի վարձը: Իսկ դեռ սնունդ էլ է պետք գնել ու ապրել մի ամբողջ ամիս՝ մինչ հաջորդ թոշակը:
Երբ այցելեցի նրան, նա նորից պառկած էր ու նորից միայնակ: Շատ դռներ են փակ այս միայնակ ու ծեր կնոջ առաջ: Բայց մի փոքր պատուհան դեռ բաց է՝ իր հարևանները: Նրանք են տատիկի համար խանութ գնում, ջուր բերում, երբ ջրագծերը սառում են, վառարանը մաքրում, հաճախ նաև սնունդ են բերում: Իմ այցից մի օր առաջ, երբ հարևանները տանը չէին եղել, տատիկը որոշել էր միայնակ գնալ խանութ հաց գնելու: Եվ ընկել էր: Ուսն էր ցավում: Հիմա էլ նստած սպասում էր, որ հարևանը պետք է գար ու մաքրեր բակը ձնից: Անընդհատ նայում էր պատուհանից և երազում, որ գարունը շուտ գա, քանի որ իր և իր նման ապրողների համար ձմեռը շատ դժվար է անցնում:
Միայնակ ու վատ պայմաններով ապրող ծերերը միշտ էլ տարբերվում են վատ պայմաններում ապրող մյուս մարդկանցից: Նրանց այնքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար՝ մի քիչ հոգատարություն ու սեր, ուշադրություն, ջերմ խոսք: Բայց այսօր Լենա տատիկին նաև պետք է ֆինանսական օգնություն, որ հնարավոր լինի ինչ-որ չափ արժանապատիվ ծերություն ապահովվել այս կնոջ համար, ում այդպես էլ վիճաված չէր երեխա ունենալ:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել տատիկին և ինչ-որ ձև թեթացնելու ծերության ծանր հոգսը, կարող են զանգահարել 077292294:
Հ.Գ. Ծերերը այնքան աննկատ են հեռանում մեր կյանքից. Կարևորը չուշանալ….