04/02/2014 13:40
Լ. Զուրաբյան. Պատրաստ ենք ՀՀԿ-ի հետ համագործակցել, արեք ձեր կոնտրառաջարկը
«Մենք արյունախումներ չենք, ուղղակի ուզում ենք հասկանանք, թե ինչպես է այդպես ստացվում, որ աշխարհում ամենաէժան գազ ստացող ժողովուրդը ամենաթանկ գինն է վճարում այդ գազի դիմաց»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է գազի գնի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը:
Շարունակելով խոսքը՝ Լ. Զուրաբյանն ասաց, որ հանձնաժողովի նպատակն է պատասխանել մի շարք հարցերի՝ ինչպես է ձևավորվում գազի գնի գոյացումը սահմանից մինչև սպառող, ինչպես է հնարավոր անկախ վերահսկողություն հաստատել գազի կալորիականության նկատմամբ և այլն:
«Կատարվել է գանձագողություն, թալան և հարցը շատ պարզ է՝ եթե մեր իշխանությունները պատրաստ են կատարված ապօրինությունների համար պատասխանատվության կանչել կառավարությանը, ապա կարող եք հեշտությամբ համաձայնվել այդ հանձնաժողովի ստեղծմանը և ժողովրդին ցույց տալ, որ պատրաստ եք այս հարցը լուծել: Մենք պատրաստ ենք ՀՀԿ-ի հետ համագործակցել այս հարցի շուրջ՝ ժողովուրդը սպասում է, արեք ձեր կոնտրառաջարկը»,- եզրափակեց խոսքը ՀԱԿ պատգամավորը:
Նախորդող հրապարակում՝ Ռուբիկ Հակոբյան. Կարող եմ ենթադրել, որ այդ 300 մլն գումարը գրպանվել է