04/02/2014 12:46
Ռուբիկ Հակոբյան. Կարող եմ ենթադրել, որ այդ 300 մլն գումարը գրպանվել է
Այսօր խորհրդարանում շարունակվեց չորս ոչ իշխանական ուժերի կողմից առաջարկված նախագծի քննարկումը, ըստ որի, առաջարկվում է ստեղծել գազի պարտքն ուսումնասիրող ժամանակավոր, բազմակուսակցական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տվյալ հարցի շրջանակում մեղադրեց ոչ իշխանական ուժերին, որ նրանք մինչև նախագծի առաջարկումը պետք է դիմեին իրեն, կամ մեծամասնությանը, որպեսզի քննարկվեր, նոր առաջարկվեր խորհրդարանում:
Դրա վերաբերյալ իր ելույթում անդրադարձ կատարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Նա նկատեց, որ լավ կլիներ, որ «բոլորս հասկանայինք, որ համագործակցելը ճիշտ է և կարելի է աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի արդյունք գրանցվի»:
«Բայց եթե դուք հարգանք ունենայիք, ապա դուք չէիք բերի հաշվիչ հանձնաժողովի մասին նախագիծը»,- դիմելով խորհրդարանական մեծամասնությանն՝ ասաց Ռ. Հակոբյանը:
Ինչ վերաբերում է գազի գինն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը, ապա պատգամավորը նկատեց, որ ցանկալի է ստեղծել հանձնաժողովը, որպեսզի «ի վերջո մարդավարի բացատրվի, թե ինչու է գազը սահմանին էժան գալիս, սակայն սպառողին հասնում է ավելի բարձր գնով»:
Կրկին դիմելով մեծամասնությանը՝ Ռ. Հակոբյանը նկատեց, որ նրանք ցանկանում են դեմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, սակայն.
«Մի արեք դա: Դա նշանակում է, որ դուք ինչ-որ մութ գործարք եք կատարել, որը ցանկանում եք քողարկել: Ես կարող եմ ենթադրել, որ այդ 300 մլն գումարը գրպանվել է կամ դա բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի, և դուք թաքցրեցիք դա, որպեսզի չկորցնեք իշխանությունը»: