05/02/2014 14:36
«Գաղջ մեծամասնությունը չհամարձակվեց բացահայտել կառավարության խարդավանքները»
«Ինձ համար ՀՀԿ-ն պարտակող է: Նա պարտակեց ուրիշների արածը և համարձակություն չունեցավ քվեարկելու, որովհետև նրանց մեջ շատ մարդիկ կան, ովքեր խուսափեցին քվեարկությունից, կամ չեն քվեարկել, կամ բացակայել են»,- մեկնաբանելով գազային խնդիրների հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի վերաբերյալ ՀՀԿ-ի դիրքորոշումը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հիշեցքնենք, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն առաջարկել էին ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրեր, թե ինչպես առաջացավ գազի գնի դիմաց գոյացած 300 մլն պարտքը, սահմանին ստացվող և սպառողին հասնող գազի գների տարբերությունը, ինչպես նաև՝ «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնեմասի վաճառքի պատճառները: Ժամանակավոր հանձնաժողովին կողմ քվեարկեց 44 պատգամավոր, դեմ՝ 58 պատգամավոր՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը:
«Հստակ է մի բան, որ գաղջ մեծամասնությունը համարձակություն չունեցավ բացահայտելու այն մեծ խարդավանքները, որոնց մասին չորս խմբակցությունները խոսում էին»,- շարունակեց խոսքը Ա. Մանուկյանը:
Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, ՀԱԿ պատգամավորն ասաց, որ իրենք պետք է կոնսուլտացիաներ անեն, քննարկեն հետագա անելիքները: Ա. Մանուկյանը, սակայն, կիսվեց իր անձնական դիրքորոշմամբ.
«Ինձ համար ամբողջովին բաց է կառավարության հրաժարականի հարցը դնելը: Հիմա այդ հարցը չդնելը, առնվազն սխալ է: Կրկին բարդություններ կլինեն, որովետև այստեղ են կառավարության հովանավորները»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ նախորդ օրերին ամբողջ կառավարությանը վերաբերող մեղադրանքների փաթեթին կառավարության կողմից որևէ կերպ արձագանք չեղավ:
«Այդ գործը թողել էին ՀՀԿ-ի վրա, կառավարության փաստաբանը ՀՀԿ-ն է խորհրադարանում, այսինքն ՀՀԿ-ն կառավարությանը ենթակա խումբ է, մենք գործ չունենք քաղաքական ուժի հետ»,- եզրափակեց խոսքը Ա. Մանուկյանը:
Նախորդող հրապարակում՝ ՀՀԿ-ն տապալեց գազի խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման առաջարկը