07/02/2014 16:30
Կարեն Քոչարյան. «ԱրմԹաբ» պլանշետների գինը շուտով ընկնելու է
«ԱրմԹաբ» հայկական արտադրության պլանշետների գինը շուտով կտրուկ ընկնելու է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ բացատրելով.
«Հեռավոր մարզերում, օրինակ՝ Ամասիայի ինչ-որ գյուղում, հայկական այդ պլանշետները պետք չեն գալու, եթե անգամ պետք լինի, ծնողը նախընտրելու է, որ իր երեխան կոշիկ ունենա, գնա դասի, քան պայուսակի մեջ՝ պլանշետ: Այդ ամենը բերելու է գնի անկման»,- ասաց քաղտեխնոլոգը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս կարծում է, որ «ԱրմԹաբ» պլանշետները առաջին դասարանցիների տրամադրելն այնքան էլ ճիշտ չէ.
«Չգիտեմ, թե որքան դրանք կդիմանան երեխաների ձեռքում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է պլանշետների տեխնիկական բնութագրին՝ տեղեկատվական անվտանգության փորձագետը դժվարացավ որևէ հստակ բան ասել.
«Ես ծանոթ չեմ այդ պլանշետին ու չեմ կարող ինչ-որ բան ասել տեխնիկական բնութագրի մասին: Կարծում եմ, որ դրանցում չինական հետք կա»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 4-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում 2015թ-ից «ԱրմԹաբ» պլանշետները ներդնել կրթական համակարգում:
Նախորդող հրապարակում՝ Այսօր տեղի ունեցավ հայկական առաջին պլանշետի` «ԱրմԹաբի» շնորհանդեսը