07/02/2014 11:55
Թևոսիկի եղբոր սպանության գործով` Իսոն կալանավորվել է
41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանը (մականունը՝ Իսո) կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 Հոդվածի 1 Մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Ի. Սարգսյանը (քրեական աշխարհում հայտնի Իսոն) ձերբակալվել էր հունվարի 27-ին` հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարելու կասկածանքով:
Փետրվարի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից, հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1969 թ. ծնված Իսրայել Սարգսյանին: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Հիշեցնենք, որ 41-ամյա Ա. Սաֆարյանի վրա կրակել են շենքի մուտքի մոտ, երբ վերջինս ցանկացել է տուն մտնել:
Նախորդող հրապարակում՝ Գոռ Վարդանյանի ֆեդերացիան խուզարկել են Թևոսիկի եղբոր սպանության հետ կապված