12/02/2014 12:29
Լյուքս Ստեփանյանի հարազատները սպառնացել են փակել Սևանի ճանապարհը
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով փետրվարի 12-ին նշանակված դատական նիստը հետաձգելու մասին որոշումը այն բանից հետո, երբ զինծառայողի հարազատները սպառնացել են փակել Սևանի ճանապարհը։
Լ. Ստեփանյանի իրավահաջորդի պաշտպան Արմեն Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի քայլերը համաձայնեցված չեն եղել իր հետ, սակայն նիստը հետաձգելու մասին որոշումը չտեղափոխելու դեպքում չի բացառվում, որ նրանք փակեին ճանապարհը:
Հարցին՝ արդյոք ի՞նքն էլ է Լ. Ստեփանյանի հոր նման միտում տեսնում այն բանում, որ պաշտպանական կողմի փաստաբանները միտումնավոր են ձգձգում դատական նիստերը, նա ասաց.
«Այո, եթե ես հանրային պաշտպան եմ, բայց ժամանակ գտնում եմ նիստերին մասնակցելու համար, ինչո՞ւ պետք է նրանք չկարողանան գտնել»,- ասաց նա:
Ամբասատանյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դատական այլ նիստի պետք է մասնակցեր, սակայն այժմ ուղևորվում է Տավուշի մարզի դատարան:
Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակ իռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը:
Նախորդող հրապարակում՝ Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողը 2 շաբաթ կմնա հոգեբուժարանում
Ի՞նչ է կատարվել Նոյեմբերյանի զորամասում. Պատմում է հրամանատարը
Լյուքս Ստեփանյանի գործով փաստաբանների ավտոմեքենան խափանվել է ճանապարհին