13/02/2014 21:00
865+1. Նռնաձոր. Հայաստանի ամենահեռավոր գյուղը մոտ է դատարկվելուն
865+1: Aysor.am -ի նոր շարքը Հայաստանի 866 գյուղական համայնքների մասին է: Ամեն շաբաթ կներկայացնենք գյուղական մեկ համայնքի պատմությունը, առօրյան ու խնդիրները: Շարքի առաջին նյութը Հայաստանի ամենահեռավոր գյուղի՝ Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղի մասին է:
«Քաղաքին կերակրողը գյուղն է»: Գյուղացիները քաղաքից եկած հյուրերի մոտ այս բառերն ասում են առանձնակի հպարտությամբ՝ վստահ, որ քաղաքացի հյուրը չպիտի հակադարձի: Հետո, երբ խոսակցությունը երկարի, հաստատ ավելացնելու են՝ «Գյուղացին ծնվել է տանջվելու համար»: Տարիքն առած գյուղացիները այս վերջինը հատկապես հաճախ են կրկնում. տարիներով ապացուցված է:
Հայաստանի ամենահեռավոր գյուղի ազատամարտիկ գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը թեև երիտասարդ է, բայց համագյուղացիների ու իր մասին նույն բանն է ասում՝ «գյուղացին ծնվել է տանջվելու համար»:
Նռնաձոր: Նախկինում Նյուվադի: Հայաստանի ամենահեռավոր գյուղն է: Մայրաքաղաք Երևանից այս գյուղին 450 կիլոմետր է բաժանում: 45 ընտանիք, 146 բնակիչ՝ հիմանականում Գետաշենից ու Շահումյանից բռնագաղթածներ:
Լուսանկարը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից. Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը՝ ձախից
Նռնաձորի նուռը չի վաճառվում. Այս տարի 70 տոննա բերք է փչացել
Գյուղը Նռնաձոր է վերանվանվել 2006 թվականին: Գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանն ասում է՝ իրենց գյուղին բնորոշող անուն է: Նախկին՝ Նյուվադի անունը այնքան էլ կապ չուներ գյուղի հետ:
«Ասում են՝ ռուս զինվորականներ են եկել այստեղ ու քանի որ ծարավ են եղել, ջուր են փնտրել, մեր գյուղում մի աղբյուր են գտել ու ասել են «նու վադի», այդպես գյուղի անունը Նյուվադի է մնացել, բայց լավ անուն չէր, Նռնաձորը հայկական է, գեղեցիկ: Մեր գյուղն էլ նռան այգիներով է հայտնի: Մարդկանց հիմնական զբաղմուքն էլ դա է՝ նռան այգիները»,- ասում է նա: Նախկինում մեծ պահանջարկ ունեցող Նռնաձորի նուռն արդեն քանի տարի է՝ չի վաճառվում:
«Առաջ բերքը սպառվում էր: Հիմա շատ վատ վիճակում ենք: Անցած տարի 60 տոննա, էս տարի 70-80 տոննա բերք է փչացել: Պարսկաստանից ներկրում են ձեզ հայտնի էտ ընկերությունները: Ճաքած ու ոչ այնքան լավ բերքն էլ են ներկրում: Մեր նուռը մնում, փչանում է»,- պատմում է գյուղապետը՝ հավելելով, որ եթե համայնքի հողերը ռացիոնալ օգտագործվեն ու նուռն էլ ժամանակին ու ինչպես հարկն է մթերվի, գյուղում ամեն բան այլ կերպ կլինի:
«Համայնքի տարածում 82 հա բերի հողերը հատկացված են Արդարադատության նախարարության բաց տիպի կալանավայրին:(Այստեղ է գտնվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկի Մեղրու տեղամասը, որտեղ պատիժ են կրում անզգուշությամբ հանցանք կատարածները.- Հեղ.): Այդ հողերը ռացիոնոլ չեն օգտագործվում: 82 հա տարածքից 15 տոննա բերք են հավաքում, այն դեպքում, երբ գյուղացին 1 հա տարածքից 8 տոնա բերք է ստանում:
Նշանակում է, որ այդ հողերը չեն մշակում ինչպես հարկն է: Մեր կառվարությունն էլ, գիտեք, էնքան փող է տալիս՝ չգիտենք, որտեղ խարջենք: Տարեկան 3.5 միլիոն: Դրանով ի՞նչ անես: Մեզ պետք չի էտ գումարը, էն 82 հեկտարը մեզ տան, էտ 3.5 միլիոն դրամը կհանենք: Մենք ձեր դոտացիան չենք ուզում, առանց դրա էլ կապրենք»,- ասում է գյուղապետը՝ հավելելով, որ Կառավարության մնացած ծրագրերից էլ գրեթե չեն օգտվում: Խոսքը սերմնացուի ու պարարտանյութի մասին է.
«Մեր համայնքում սերմնացու պետք չի, պարարտանյութն էլ՝ մի քանի պարկ: Ի՞նչ անենք պարարտանյութը: Մեզ ջուր է պետք: Հայաստանի ամենահարավային ու չորային կլիմա ունեցող գյուղն է: Այգիները պիտի նախ ջրվեն, հետո՝ պարարտացվեն: Եթե ջուր լինի, հեկտարից 20-25 տոննա բերք կստանանք: Ասում են՝ շուտով կսկսեն ինքնահոս ոռոգման համակարգ կառուցել, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասում է գյուղապետը:
Հարկային արտոնությունների մասին մեր հարցին Մկրտչյանը շատ կարճ է պատասխանում. «Մի անգամ առաջարկել եմ փոխվարչապետին: Ասաց, որ Հայաստանը ի վիճակի չի իրեն նման ճոխություն թույլ տալ»:
Եթե ձմեռը խիստ չի, աշխատում են. Այս տարի խիստ էր
Այս ձմեռը Նռնաձորում խիստ է եղել. նռան մատղաշ շիվերն ու թուզը ցրտահարվել են: Գյուղապետի խոսքով՝ սովորաբար Նռնաձորում ձմեռը աշխատել լինում է. այգիները գարնանն են պատրաստում, ելումուտ են անում գյուղացիները, անգործ չեն մնում, բայց այս տարին բացառություն էր: Դե իսկ եթե աշխատանք չկա, հեռուստացույցն ու տնային գործերը հիմնական զբաղմուքն են: Վերջին տարիների ամենալավ բանը գյուղի կյանքում արբանյակային ալեհավաքներն են: Եթե նախկինում 2 հեռուստաալիք կար, այսօր կարող են նայել՝ ինչ ուզում են:
«Հայկական ալիքները չեն նայում: Հարցում եմ արել: Հիմանականում դրսի ալիքներ են նայում»,- ասում է գյուղապետը:
Գյուղում ֆիքսված հեռախոսակապ էլ չկա: Բջջային կապից են օգտում: Աշխատատեղեր էլ չկան: Դպրոցն է ու գյուղապետարանը:
«11 մանկավարժ, 4 հոգի անձնակազմ դպրոցում է աշխատում, մի քանի հոգի էլ գյուղապետարանում: Գյուղապետը հպարտանում է դպրոցի կադրերով ու աշակերտներով: Գյուղից երեք ուսանող ունեն: Միանկ բանը, որն անհանգստացնում է նրան, պակասող աշակերտներն են: «Անցած տարի 32-ն էին, այսօր՝ 28»: Արտագաղթել են:
Լուսանկարը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից
Նռնաձորցիներն արտագնա աշխատանքի գնալու սովորություն չունեն. Եթե գնացին, տանում են ընտանիքը
«Հենց հիմա երկու հոգի դիմել են, որ գրանցումից դուրս գան: Տներն էլ վաճառում են: Եթե արտագնա աշխատանքի մեկնեին, ես էդքան չէի նեղվի: Տարվա վերջում հետ կգային իրենց ընտանքիներ: Ցավալին այն է, որ մեկնում են ընտանիքներով ու անվերադարձ:
Հիմնականում Ռուսատատան են գնում, թեև Եվրոպայում էլ համագյուղացիներ ունենք: Արզնի են գնում, Բյուրեղավան, Երևան: Մեր գյուղերը ու հատկապես սահմանամերձ գյուղերը դատարկվում են այսօր», - ասում է Մկրտիչ Մկրտչյանը: Պատճառները շատ են՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ: Գյուղապետի կարծիքով այն, որ իրենց գյուղը մեկուսացված է, փոքր պատճառ չի.
«Համայնքը շրջկենտրոնին կապող ճանապարհ չունի: Մեղրի քաղաքից 28 կլիոմետր հեռու ենք: Մեր ունեցածը, ենթադրենք մի փոքր բուժկետ է, որ ինչ-որ մի բան լինի մեքենա ունեցող գյուղացիներն են օգնում Մեղրի հասնել: Տարածքը Մեղրրի բժշկական կենտրոնն է սպասարկում: Խմելու ջրի, ոռոգման ջրի լուրջ խնդիր կա: Լավ է, որ իրանահայերի օգնությամբ ջրի հարցը մի փոքր լուծեցինք»,- ասում է գյուղապետը՝ հավելելով, որ իրանահայերը ոչ միայն խմելու ջրի հարցում են բավական օգնել, այլև տրակտոր են նվիրել գյուղին, դպրոցին գույք են նվիրել ու գյուղի լուսավորության հարցն են լուծել:
Լուսանկարը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից
Գյուղապետը սրտնեղում է, որ մանկապարտեզ չունեն. «Մանկապարտեզի համար շենքային պայմաններ չկան: Վերջերս մի ծրագիր կար, կարող էինք դիմել գույքը ձեռք բերել, բայց շենք չունենք: Խորհրդային տարիներին ունեցել ենք: Պատերազմի ժամանակ արկ են գցել շենքի վրա, վառվել է: Բացի այդ երեխաներն էլ են քիչ, մի 5 տարի առաջ 30-ից ավել երեխա կար, հիմա՝ 22: Դե 2 ընտանք էլ ասացի, որ գնում են, կմնա 18 երեխա»:
Հետգրության փոխերն. Սահմանը պահող պետք է լինի
Սահմանամերձ գյուղերից արտագաղթն, ըստ Նռնաձորի գյուղապետի՝ սպառնումէ Հայաստանի պետական անվտանգությանը:
«Մենք թշնամիներով շրջապատված երկիր ենք: Սահմանը պահող պետք է լինի: Պատերազմի ժամանակ մեր գյուղը գյուղացիներ են պահել: Ճիշտ է՝ Ղարաբաղ չեն գնացել, բայց կռվել են այստեղ»,- ասում է ազատամարտիկ գյուղապետն ու հավելում, որ Հայաստանի նման երկրում անգամ կանայք պիտի ծառայեն:
«Ուզում եմ, որ այդ մասին էլ գրեք: Որ ասում ենք Հայաստան, պետություն, հասկանանք բանակ ու երբ ասում ենք բանակ, հասկանանք պետություն: Դա այդպես պետք է լինի»: