14/02/2014 20:36
Գոռ Սուջյանի «կյանքի կանոնները». Սիրում եմ ռիսկի գնալ
Aysor.am-ը սկսում է նոր նախագիծ՝ «Կյանքի կանոնները»: Առաջինը ներկայացնում ենք «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանի կյանքի կանոնները:
Մանկության տարիների ամենավառ հիշողությունը կապված է մեր բակի հետ: Բակում երաժշտություն էինք նվագում, ես հարվածային գործիքների վրա էի ու, քանի որ չունեինք նման գործիքներ, ես կաթսաներով էի նվագում:
Առաջինը, ինչ հիշում եմ, երբ ասում եմ «Սիրում եմ»՝ երաժշտությունն է:
Երբեմն ափսոսում եմ, բայց դա կարճ է տևում, ես երկար չեմ սիրում մտածել այդ մասին:
Վախենում եմ ինքնաթիռով թռչելուց: Երբեք չեմ արել, բայց կուզենայի թռչել պարաշյուտով: Ուզում եմ հաղթահարել ֆոբիաներս:
Ինձ տարբեր բաներ կարող են նյարդայնացնել, բայց հազվադեպ եմ նյարդանյանում:
Հարաբերություններում ամենաշատը գնահատում եմ հենց փոխհարաբերությունները:
Սկզբունքորեն չեմ ընդունում կեղծավորությունը:
Ընտանիքում գլխավոր չկա, դա հարաբերական հասկացություն է, ամեն մարդ գլխավոր է այն հարցում, ինչի համար պատասխանատու է: Նորմալ է, երբ տղամարդը օգնում է կնոջը տնային, կենցաղային հարցերում:
Հպարտանում եմ հայերի հաղթանակներով, սակայն, թե ինքս իմ արած ինչի համար եմ հպարտ, այս պահին չեմ մտաբերում:
Ամենամեծ ձեռքբերումս չեմ մտաբերում:
Կորուստներ եղել են, բայց ամենադժվարը «տանում եմ» միջավայրի փոփոխությունը, ընկերների կորուստը:
Ռիսկի սիրում եմ գնալ, եթե այն արդարացված է:
Միշտ պետք է զբաղվել սիրած գործով և ամեն ինչ անել սիրով:
Գոռ Սուջյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 25-ին Երևանում, հայտնի կիթառահար և ջազմեն Մկրտիչ Սուջյանի ընտանիքում։ 17 տարեկանում հիմնադրել է «Գոռ և ընկերներ» խումբը։
2013 թ. Գոռը՝ «Դորիանս» խմբի հետ ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի միջազգային մրցույթում՝ կատարելով «Lonely Planet» երգը: