17/02/2014 13:50
Տուգանքներ՝ վաղուց վաճառված մեքենայի համար. «Թող մի անգամ տուգանեն»
Սարգիս Մաճկալյանը 1998 թվականին վաճառել է իր մեքենան, բայց այսօր տուգանքի կտրոն է ստացել ապահովագրական վճարները չվճարելու համար: Նա և «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին, որ սա միակ դեպքը չէ. մեքենաները վաղուց վաճառած վարորդները տուգանքի կտրոն են ստանում:
«Խնդիրն առաջացել է այս տարվա հունվարի 1-ից, երբ որոշում ընդունվեց, որ բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն, անկախ նրանից` օգտագործվում են, թե՝ ոչ»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դիմել են ՃՈ, սակայն այնտեղից պատասխանել են, թե «գնացեք, գտեք ձեր մեքենան»:
Սարգիս Մաճկալյանն ասաց, որ իր սխալն այն է, որ անվանափոխություն չի արել. «Թող մի անգամ տուգանեն, էս հարցը պարզաբանեն, ինչքա՞ն կարամ վճարեմ գոյություն չունեցող մեքենայի համար»,- ասաց նա: