21/02/2014 21:00
Ուկրաինա. Յուլիա Տիմոշենկո ազատ կարձակվի
Քիչ առաջ Ուկրաինայի Ռադան ընդունեց օրինագիծ, որով երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն պետք է ազատ արձակվի կալանքից: Օրինագծին կողմ են քվեարկել 450պատգամավորներից 310-ը:
Բացի այդ, Ռադայի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է երկրի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն:
Նշենք, որ ժամեր առաջ Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատեց նաև 2004 թվականի սահմանադրությանը վերադառնալու մասին օրենքը, որով երկրի նախագահի որոշ լիազորություններ անցնում են խորհրդարանին: Օրինագծին կողմ է քննարկել 386 պատգամավոր, այն դեպքում, երբ դրա հաստատման համար անհրաժեշտ էր 300 պատգամավորի համաձայնություն:
Հիշեցնենք, որ 2011թ.-ին Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի ստորագրման ժամանակ պաշտոնական դիրքի չարաշահման համար: