22/02/2014 13:30
«Սիրիահայերը Հայաստանում նույն խնդիրներն ունեն, ինչ` հայաստանցիները»
660 մարդ դիմում է ներկայացրել, որպեսզի բնակարան գնի սիրիահայերի համար կառուցվող «Հալեպ» թաղամասում, սակայն նրանցից ոչ մեկը ներդրում չի կատարել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ իրավաբան Նաիրա Եդիգարյանը:
«Անկախ նրանից, որ սիրիահայերը ցանկանում են մնալ իրենց հայրենիքում, բայց նրանք դեռ վերջնական չեն որոշել` մնալ, թե գնալ: Հենց դրա պատճառով էլ նրանցից ոչ մեկը դեռ ներդրում չի կատարել»,- ասաց Ն. Եդիգարյանը` ավելացնելով, որ երբ սկսվի թաղամասի կառուցումը, դիմում ներկայացրածների 70 տոկոսը ներդրում կանի:
Նա ասաց, որ կառուցվող բնակարանների համար փորձում են միջազգային կառույցներից հանգանակություն հավաքել. «Ամեն բան արվում է, որ բնակարանները վաճառվեն շուկայականից էժան գներով»:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ փոխնախագահ Ալեքսան Գարատանյանն էլ իր հերթին ասաց, որ սիրիահայերի խնդիրների մի մասն արդեն լուծված է:
«Հիվանդանոցներում սիրիահայերն անվճար բուժօգնություն են ստանում, մեր երիտասարդները սովորում են համալսարաններում»,- ասաց նա` ավելացնելով, որ չլուծված է միայն նրանց աշխատանքի հարցը:
Սիրիահայերը, բանախոսների խոսքով, Հայաստանում նույն խնդիրներն ունեն, ինչ` հայաստանցիները: