24/02/2014 14:00
«Չաթլաղ» բառի բացատրությունը փնտրեք Մալխասյանցի բառարանում. Ռուստամյան
««Չաթլաղ» բառը տաճկերեն է, որը նշանակում է «ճաք տված»»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ավելի վաղ իր ասածն այսպես մեկնաբանեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Շարունակելով խոսքը` Ա. Ռուստամյանը խորհուրդ տվեց բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը.
«Ինքը մեզ հորդորում է, որ իր ասածում լավ իմաստներ գտնենք, մենք էլ իրեն ենք հորդորում լավ իմաստներ գտնել: Եթե իրեն թվում է, թե մենք չենք տիրապետում բառապաշարին, ապա չարաչար սխալվում է»:
Դիտարկմանը, թե հայ իրականությունում բառը կիրառվոււմ է «անբարոյական իմաստով», Ա. Ռուստամյանը հակադարձեց. «Իսկ ղալաթ անելը լավ իմաստ ունի հա՜: Սա իմ ոճը չէ, բայց հարցն այն է, որ նախարարը իր բարձունքին պետք է մնա: Խոսքը 53 պատգամավորի մասին է, ու դու պարզապես պարտավոր ես հարգել նրանց կարծիքը։ Ո՞նց կարելի է քամահրանքով արտահայտվել: Մարդուն ասես, կվիրավորվի, բա 53 պատգամավորի մասին է խոսքը, ու անպատվում ես նրանց հետ եղած ժողովրդին»: