28/02/2014 17:24
Յանուկովիչ. Շարունակելու եմ պայքարել Ուկրաինայի ապագայի համար
Ես եկել եմ ասելու, որ շարունակելու եմ պայքարել Ուկրաինայի ապագայի համար: Այս մասին այսօր Դոնի Ռոստով քաղաքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը.
«Պետք է ասեմ, որ ինձ ոչ ոք պաշտոնանկ չի արել: Ես Ուկրաինայից հեռացել եմ իմ և իմ հարազատների կյանքին սպառնացող վտանգի պատճառով»,- ասաց Յանուկովիչը՝ ավելացնելով, որ Ուկրաինայում ազգայնական ու պրոֆաշիստական ուժերը բռնագրավել են իշխանությունը.
«Այդ ուժերը ներկայացնում են Ուկրաինայի բնակչության փոքրամասնությունը»,- ասաց Յանուկովիչը:
Որպես ճգնաժամից դուրս գալու ելք՝ նա մատնանշեց իր և ընդդիմության առաջնորդների միջև կնքված համաձայնագրի կետերի կատարումը.
«Շատ կարևոր է՝ անցկացնել Կիևում տեղի ունեցած բռնության դեպքերի արդար քննություն: Բռնագրավված շենքերը պետք է վերադարձվեն պետությանը, ապօրինի զենքը պետք է հանձնել: Զինված մարդիկ պիտի հեռանան Կիևի փողոցներից»,- ասաց Վիկտոր Յանուկովիչը:
Նա նշեց, որ բարդ կլինի դուրս գալ ծանր իրավիճակից, բայց Ուկրաինան ուժեղ երկիր է ու կկարողանա դա անել.
«Ցավալի զոհերը քաղաքական ճգնաժամի, արևմուտքի անպատասխանատու քաղաքականության հետևանք են, որը պաշտպանում էր Մայդանը: Բայց՝ էլի եմ ասում, Ուկրաինան ուժեղ երկիր է և մենք կկարողանանք ոտքի կանգնել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Գերագույն Ռադան ձայների մեծամասնությամբ հեռացրեց Յանուկովիչին գործող նախագահի պաշտոնից, իսկ փետրվարի 21-ից մինչ այս պահը, նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Նախորդող հրապարակում՝ Յանուկովիչը այսօր մամուլի ասուլիս է հրավիրել Դոնի Ռոստովում
Պաշտոնական. Յանուկովիչին ձերբակալելու հրաման է տրվել
Յանուկովիչ. Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ