28/02/2014 19:46
Յանուկովիչը՝ Մեժիգորյեի ջայլամներ ու մյուս կենդանիների ճակատագրի մասին
Այսօր Դոնի Ռոստովում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսն ավարտվեց լրագրողներից մեկի հումորային հարցով: Նա Ուկրաինայի նակին նախագահից հետաքրքրվեց՝ մտածե՞լ է արդյոք, թե ինչ է լինելու Մեժիգորյեի իր նստավայրում թողած թանկարժեք իրերի, ջայլամների, խոզուկների ու մյուս կենդանիների հետ: Սրան ի պատասխան Յանուկովիչը նշեց, որ իրականում Մեժիգորյեում ոչինչ չունի.
«Հիմա ես ձեզ կպատմեմ իրական պատմությունը: Մեժիգորյեի այդ տանը ես բնակվում եմ 1999 թ.-ից՝ ինձ այդ տունն իբրև բնակության վայր առաջարկեց Լեոնիդ Կուչման: Հետո, երբ իշխանության եկավ Յուշչենկոն, ինձ պատրաստվում էին վտարել այդ տնից: Այդ ժամանակ ես ծախեցի իմ ամբողջ ունեցվածքն ու գնեցի այդ տունը»,- պատմեց Յանուկովիչն ու ընդգծեց, որ իրեն պատկանում է միայն տունն, իսկ ներսի ամբողջ ունեցվածքն այլ մարդկանց է պատկանում:
«Շուտով կսկսեն աշխատել միջազգային փաստաբաններն, ովքեր կբացահայտեն այդ գեղեցիկ «իլյուստրացիաների» իրական տերերին: Այնպես որ այդ ամբողջ ներսի եղածի մասին ինձ հարցեր մի տվեք»,- ասաց Վիկտոր Յանուկովիչը:
Ավարտելով մամուլի ասուլիսը` Ուկրաինայի նախկին նախագահը ևս մեկ անգամ ներողություն խնդրեց Ուկրաինայի ժողովրդից.
«Ես ձեզ հետ կլինեմ մինչև վերջ ու կանեմ ամեն բան՝ ինչ կարողանամ: Եթե ես հիմա լինեի Ուկրաինայում՝ անձամբ կխոնարհվեի բոլոր զոհերի առջև: Ու ես Ուկրաինա կվերադառնամ առաջին իսկ պահին, հենց այդ երկրում ինձ համար անվտանգության երաշխիքներ կլինեն»,- ասուլիսն ավարտեց Ուկրաինայի նախկին նախագահը:
Նախորդող հրապարակումներ՝ Ուկրաինացիները ողջունում են Յանուկովիչին. Լուսանկարներ 16+
Յանուկովիչը պատմեց, որտեղ էր 1 շաբաթ. «Եկել եմ Ռոստով՝ հին ընկերոջս մոտ»
Յանուկովիչ. Շարունակելու եմ պայքարել Ուկրաինայի ապագայի համար