03/03/2014 19:37
Կարեն Մկրտչյանի կոլեգաները կոչ են անում օգնել դերասան-ազատամարտիկին
Արդեն տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 26-ի գիշերը «32 ատամ» ակումբի դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանն իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել, ինչի հետևանքով հայտնվել է անվասայլակին:
Դերասանի բուժումը հնարավոր է անցկացնել Գերմանիայում կամ Իսրայելում. բուժման համար անհրաժեշտ է 80 հազար եվրո: Այս առիթով դերասանին ճանաչող, նրան մտերիմ և նույնիսկ նրան չճանաչող կոլեգաները Life.panorama.am-ի հետ զրույցում հանրությանը կոչ արեցին օգնել Կարեն Մկրտչյանին` անհրաժեշտ գումարը ձեռք բերելու համար:
Վահագն Գրիգորյան
Կարեն Մկրտչյանը, ով նախևառաջ որպես մարդ օժտված է լավագույն հատկանիշներով, նաև լավ դերասան է, լավ հայր և ամուսին: Ասեմ, որ նա բազմակողմանի զարգացած անձնավորություն է, և մինչև հիմա էլ աշխատում ենք իր հետ: Վերջին անգամ նա մի հրաշալի դեկորացիա է պատրաստել նոր ներկայացման համար: Ես չգիտեմ` ինչպես կամ ինչու նրա հետ պատահեց այդ ամենը, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր ճանաչում կամ չեն ճանաչում Կարենին, օգնելով նրան` շատ մեծ ու բարի գործ արած կլինեն: Նա պետք է մեր ազգին, մեր ժողովրդին և իր ընտանիքին:
Զառա Սահակյան
Կարենի հետ ծանոթացել եմ «32 ատամ» ծրագրի շրջանակներում: Ամերիկայում էի, նրա հետ կատարվածի մասին նոր եմ իմացել և ահավոր շոկ եմ ապրել` հեռուստատեսությամբ նրան տեսնելով: Մինչ այդ մի նյութ էլ էր ձեռքս ընկել, բայց այդ ժամանակ կարծեցի` ապատեղեկատվություն է, դա մի շրջան էր, երբ որոշ ԶԼՄ-ներ օրը մեկին «թաղում էին»: Ասեմ, որ ցանկացած հարցով պատրաստ եմ օգնել Կարենին: Նրան ճանաչում եմ որպես աշխատասեր, նվիրված, մարդկային, թասիբով ու քաջ մարդու, որպես լավ հոր ու հայի: Նրա վրա հարձակվողը, ում համար որ Կարենը կռվել, սահման է պահել, ոչնչով չի տարբերվում թշնամուց: Ամաչում եմ, որ այս իրականության մեջ եմ ապրում:
Սոս Ջանիբեկյան
Կարենը շնորհքով դերասան է, նրան շատ եմ սիրում, նաև լավ մարդ է: Այժմ նա ունի փողի կարիք, որպեսզի կարողանա մեկնել արտասահման եւ վիրահատվել: Ասեմ, որ Կարենի վիճակը շատ ծանր է, և գումար հայթայթելու հարցում հարկավոր է շտապել: Կարծում եմ` Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են զգալի չափով օգնել նրան, այնուամենայնիվ, բոլորս էլ օգնում ենք մեր ուժերի չափով: Չմոռանանք, որ Կարենն ազատամարտիկ է, ով կամավոր գնաց ղարաբաղյան պատերազմին մասնակցելու:
Յանա Դանիելյան
Ցավոք, Կարենին անձամբ չեմ ճանաչում, բայց միանշանակ միանում եմ կոչին և շատ ցավում եմ նրա ներկայիս վիճակի համար: Նա իմ կոլեգան է, և ես բոլորին խնդրում եմ` օգնել Կարենին: Ովքեր էլ չեն կարողանում ֆինանսապես օգնել, թող տարածեն այս կոչը և աղոթեն նրա համար: Շատերը կփաստեն, որ նա բարի, անկեղծ ու մաքուր մարդ է և տաղանդավոր դերասան` նվիրված իր գործին:
Անդրանիկ Հարությունյան
Կարենը հրաշալի դերասան, կարգին մարդ ու կարգին հայ է, ով ունի մեր բոլորի կարիքը:
Նշենք, որ Facebook սոցցանցում արդեն ստեղծվել է «Օգնենք Կարեն Մկրտչյանին» խումբ, այստեղ քաղաքացիներին կոչ է արվում փող փոխանցել դերասանի համար ստեղծված հատուկ հաշվեհամարներին UNIBANK AMD 24100265048901, USD 24100265048902, EURO 24100265048903:
Նախորդող հրապարակումներ՝ Սիրված դերասան Կարեն Մկրտչյանին մեր օգնությունն է պետք. ՇՏԱՊ
Կարեն Մկրտչյանին մարմնական վնասվածք հասցնելու առթիվ քրգործ չի հարուցվել