05/03/2014 12:40
Մամիկոն Խոջոյանը դեռ հիվանդանոցում է. Նրան կայցելեն ԵԱՀԿ ներկայացուցիչներ
Նախօրեին Ադրբեջանից Հայաստան վերադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը շարունակում է հիվանդանոցում մնալ, նրա վիճակը կայուն է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը:
«Ես դիմել եմ մարզպետարանի առողջապահության բաժնի պետին ու նա հիմա ուշադրության տակ ա պահում Մամիկոնի հետ կապված վիճակը: Այսօր նրան կայցելեն Կարմիր խաչի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, որից հետո, եթե բժիշկները թույլատրեն, նա դուրս կգրվի ու կգա տուն՝ Վերին Կարմիրաղբյուր»,- ասաց Կամո Չոբանյանը:
Գյուղապետի խոսքով՝ ծերունու հիշողությունը դեռ չի վերականգնվել, նա դեռ ոչ մեկին չի ճանաչում.
«Բժիշկները դե ասում են, որ կարող է վախից լինի: Նա դեռ չի հասկանում որտեղ է, չի հասկանում, որ Հայաստան է եկել: Մենակ բժիշկի հետ է խոսել ու ասել է, որ ցեմենտի վրա է քնել մի քանի օր»,- ասաց Կամո Չոբանյանը:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է: Հակառակորդի տարածքում նա հայտնվել է մոլորվելու պատճառով: Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանի խոսքով՝ Մամիկոն Խոջոյանն ունի հոգեկան խնդիրներ: Նախօրեին նա վերադարձել է Հայաստան և անմիջապես տեղափոխվել Իջևան բուժզննման:
Նախորդող հրապարակումներ՝ Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում տանջել են. Նա ունի հրազենային վնասվածք
Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է. Նրան տանում են բուժզննման
77-ամյա հայ ծերունին կորել է. Ըստ ադրբեջանցիների՝ նա թշնամու տարածքում է