10/03/2014 14:31
Երբ Աղվան Հովսեփյանը դառնա երիտասարդ թոշակառու, կսկսի պայքարել. Փաշինյան
Այսօր խորհրդարանում քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը:
ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` ասելով, թե սա օրենք է` նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին, և այսօր ԱԺ-ն, Փաշինյանի խոսքով, ոչ թե օրենսդիր իրավական հարց է լուծում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակը:
Իսկ թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, Ն. Փաշինյանն ասաց. «Պատմությունը ծագեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշեց Աղվան Հովսեփյանի թեկնածությունը հերթական անգամ չառաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում: Ինչո՞ւ չառաջադրեց, չառաջադրեց ոչ թե նրա համար, Աղվան Հովսեփյանն արժանի էր պաշտոնանկ արվելու` որպես կոռումպացված, որպես քաղաքական հետապնդումներ իրականցնող, որպես սպանությունների բացահայտմանը խանգարող, այլ դա չարեց որոշակի կոնյուկտուրային պատճառներով: Աղվան Հովսեփյանը 15 տարի աշխատել է գլխավոր դատախազ և իշխանության ներսում ուներ բավականին լուրջ ազդեցության լծակներ»:
Բայց նաև հիմա Աղվան Հովսեփյանին աշխատանքի են տեղավորում, շարունակեց խոսքը Նիկոլ Փաշինյանը, որպեսզի նա չհամալրի իշխանությունից դժգոհողների շարքը:
«Բոլոր քննչական մարմինները պետք է տեղավորվեին այս հատուկ քննչական կոմիտե ասվածի մեջ: Բայց պայմանավորվածությունը չպահվեց, և ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը մտածեց, որ այդքան շատ լծակներ կենտրոնացնել Աղվան Հովսեփյանի ձեռքում, այն էլ այս քաղաքական խառը ժամանակներում, այդքան էլ հարմար չէ»,- ասաց Ն. Փաշինյանը:
Ն. Փաշինյանն ասաց նաև, որ քանի որ այս օրենքի նախագիծը ստեղծել է Աղվան Հովսեփյանի խումբը, նա «այնքան համեստ է գտնվել, որ ինքն իր համար օրենքի նախագծով կանխորոշել է գեներալ-լեյտենանտի կոչում, արդարադատության պետական խորհրդականի կոչումը, ըստ ամենայնի, նրան սկսել է ինչ-որ պատճառներով չբավարարել»:
Այս օրենքի նախագծով, ինչպես ասաց Ն. Փաշինյանը, Սերժ Սարգսյանը կոնյոկտուրային հարցեր է լուծում` նվազեցնելով պաշտպանության նախարարի և ոստիկնապետի ազդեցությունը.
«Ըստ ամենայնի` նրանցից մեկի մոտ որոշակի քաղաքական ամբիցիաների նշաններ է նկատում, իսկ մյուսին էլ տեսնում է, որ ուրիշներն են փորձում քաղաքական առաջնորդի դերակատարում վերապահել»:
Բացի այդ, շարունակեց խոսքը Նիկոլ Փաշինյանը, այս օրենքով Սերժ Սարգսյանը ուժեղացնում է իր կողմից նշանակված վարչապետին, ով, ի հեճուկս բոլոր ջանքերի, չի կարողանում ուժեղանալ, բայց ևս մեկ լծակ է տրվում. «Հատուկ քննչական ծառայության պետին նշանակելու թեկնածու առաջադրելու լիազորությունը փաթեթով գլխավոր դատախազից վերցվում է, տրվում է վարչապետին, քննչական կոմիտեի նախագահին էլ առաջադրում է կրկին վարչապետը: Այնպես որ` Աղվան Հովսեփյանը քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ հավատարմության երդում պիտի 2 տեղ տա` մեկ կառավարությունում, մեկը` Բաղրամյան 26-ում»:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել օրենքի նախագծին, որպեսզի, ինչպես հիմնավորեց պատգամավորը, Աղվան Հովսեփյանն աշխատանք չունենա և դառնա գործազուրկ, դառնա բավականին երիտասարդ թոշակառու:
«Երբ երիտասարդ թոշակառու լինի, համոզված եղեք, որ մի քանի ամսից կնկատի, թե ինչպիսի հրեշավոր և կոռումպացված է Հայաստանի դատախազության համակարգը, կտեսնի, թե ինչպես են վարում նախաքննությունը: Երբ այս ամենը նկատի, նա կդառնա մարդու իրավունքների պաշտպանության, արդարության, ազատության մարտիկ, կսկսի պայքարել իշխանափոխության համար և կհամալրի իշխանափոխության պայքարողների շարքերը»,- եզրափակեց խոսքը Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ կոմիտեն պետք է ղեկավարի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նախորդող հրապարակում՝ Աղվան Հովսեփյանը կղեկավարի միասնական քննչական մարմնի հանձնաժողովը