17/03/2014 20:49
Արցախի ԱԳՆ. Ղրիմի հանրաքվեն ինքնորոշման իրավունքի իրականացման դրսևորում է
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը դիտարկում է որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում: Այս մասին փոխանցում են Արցախի Արտաքին գործերի նախարարությունից:
ԼՂՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որը ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է:
Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է:
ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում բացառապես խաղաղ ճանապարհով»։
Նախորդող հրապարակում՝ Ղրիմի հանրաքվեի ձայների հաշվարկն ավարտվեց. 96. 77 տոկոսը կողմ է քվերակել